ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼԱՄՊ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼԱՄՊ, էլեկտրավակոլումային սարք, որտեղ ստեղծվում է հատուկ էլեկտրոդների (ցանցի) օգնությամբ կառավարվող էլեկտրոնների հոսք: Է. լ. ապակե, մետաղե, մետաղե-ապակե 6—10-8 մմ սնդ. ս.) և տեղավորված են էլեկտրոդներ, շիկացման կաթոդ, անոդ, ցանց (բոլոր Է. լ-երը, բացի դիողից, ունեն մեկ կամ ավելի ցանց): Է. լ-երը տարբերվում են ըստ էլեկտրոդների թվի, հզորության, հաճախականությունների տիրույթի և նշանակման: Ըստ էլեկտրոդների թվի լինում են 2-էլեկտրոդային (դիոդ, կենոտրոն), 3-էլեկտրոդային (տրիոդ), 4-էլեկտրոդային (տետրոդ), 5-էլեկտրոդային (պենտոդ), 6 էլեկտրոդային (հեկսոդ), 7-էլեկտրոդային (հեպտոդ) և 8 էլեկտրոդային (օկտոդ): Ըստ աշխատանքային հաճախականությունների տիրույթի տարբերում են ցածր (մինչև մի քանի Մհց), բարձր (մինչև 30 Մհց) և գերբարձր հաճախականության Է. լ-եր (մագնետրոններ, կլիստրոններ, վազող ալիքի լամպեր ևն): Ըստ նշանակման Է. լ-երը լինում են ուղղիչ, ուժեղացուցիչ, փոխակերպիչ, գեներատորային ևն, ինչպես նաև անընդհատ գործողության և իմպուլսային: Հաճախ մի բալոնի մեջ տեղավորում են երկու կամ ավելի լամպեր (կրկնակի դիոդ, կրկնակի տրիոդ, դիոդ-հեկսոդ ևն): Այդպիսի լամպերը կոչվում են համակցված: Է. լ-երը լայնորեն կիրառվում են ավտոմատիկայում, ռադիոլոկացիայում, հեռուստատեսությունում, ռադիոկապում, էլեկտրոնային սարքաշինության մեջ և այլ բնագավառներում: Բարձր և գերբարձր հաճախականության հզոր Է. լ-երը կիրառվում են նաև տեխնոլոգիական նպատակներով:
