ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊՐՈՅԵԿՏՈՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊՐՈՅԵԿՏՈՐ, էլեկտրոններ առաքող մակերևույթի խոշորացված պատկերը առանց էլեկտրոնային ոսպնյակների օգնության ստանալու էլեկտրոնաօպտիկական սարք: Է. պ-ի հիմնական մասերն են՝ ապակե գնդաձև կամ կոնաձև անոթի (վերջինիս հատակը ներսից պատվում է լյումինաֆորի շերտով) կենտրոնում տեղադրված մետաղե բարակ սայրի ձև ունեցող կաթոդը (կորության շառավիղը՝ միկրոնի մի քանի տասներորդական մաս) և անոթի (նկ.) պատերին քսված հաղորդիչ շերտի կամ կաթոդը շրջափակող մետաղալարե օղակի ձևով պատրաստված անոդը: Սարքի մեջ ճնշումն իջեցվում է մինչև 10-9—1011 մմ սնդ. ս.: Անոդի և կաթոդի միջև մի քանի կվ պոտենցիալների տարբերություն կիրառելիս, սայրի մակերևույթի մոտ ստեղծվում է էլեկտրաստատիկ էլեկտրոնային էմիսիա (ավտոէլեկտրոնային էմիսիա) առաջացնելու համար բավարար լարվածության էլեկտրական դաշտ: Էմիսիան հեշտացնելու համար կաթոդը տաքացվում է: Կաթոդից դուրս թռչող էլեկտրոնները, արագացվելով էլեկտրական դաշտի ուժագծերի (դրանք ուղղահայաց են կաթոդի մակերևույթին) ուղղությամբ, էկրանի վրա պրոյեկտում են կաթոդի մակերևույթի խոշորացված էմիսիոն պատկերը, որն արտացոլում է սայրի բյուրեղային կառուցվածքի սիմետրիան: Խոշորացումը համեմատական է կաթոդ-էկրան հեռավորության և սայրի կորության շառավղի հարաբերությանը: Շատ բարակ սայրեր կիրառելիս՝ կարելի է ստանալ միլիոնի կարգի խոշորացում: Կաթոդի մակերևույթի մոտ էլեկտրական դաշտի տանգենցիալ բաղադրիչների առաջացումը սահմանափակում է սարքի լուծունակությունը 10 А կարգի մեծությամբ: Ավելի բարձր լուծունակությամբ օժտված է իոնային պրոյեկտորը, որում պատկերն ստացվում է ջրածնի կամ հելիումի իոնների օգնությամբ: Է. պ. կիրառվում է դժվարահալ մետաղների էլեկտրաստատիկ էլեկտրոնային էմիսիան և տարբեր տեսակի կաթոդները հետազոտելիս:
Ռ. Ղազարյան
