Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱՕՊՏԻԿԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈՆԱՕՊՏԻԿԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ, պատկերը սպեկտրի մի տիրույթից մյուսը փոխակերպող, ինչպես նաև պատկերի պայծառությունը ուժեղացնող ֆոտոէլեկտրոնային վակուումային սարք: Պարզագույն Է.փ. բաղկացած է կիսաթափանցիկ ֆոտոկաթոդից (նկ.), որն իր վրա ընկնող լուսային ճառագայթման ազդեցությամբ էլեկտրոններ է առաքում վակուում, էլեկտրոնային փունջը ձևավորող ու կիզակետող էլեկտրոդներից և լյումինեսցենտային էկրանից: Լուսապատկերը ֆոտոկաթոդի վրա փոխակերպվում է ըստ խտության մոդուլված ֆոտո-էլեկտրոնների, որոնք, արագացվելով էլեկտրական դաշտում, կիզակետվում են էկրանի վրա և տեսանելի պատկեր առաջացնում: Է. փ-ները կիրառվում են աստղագիտության և բժշկության մեջ՝ արագընթաց պրոցեսներն ուսումնասիրելիս, կինոյում, սպեկտրոսկոպիայում, ռազմ, տեխնիկայում՝ մթության մեջ տեղանքի շրջազննման համար ևն: Է. փ. նաև հեռուստատեսային հաղորդիչ խողովակի բաղկացուցիչ մասն է: Պայծառության ավելի մեծ ուժեղացում ստանալու համար կիրառվում են բազմախցիկ Է. փ.:

Ռ. Ղազարյան