Jump to content

ՀՍՀ/ԷԼԶԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԶԱՍ, Ալզաս (Alsace), պատմական մարզ Ֆրանսիայի արևելքում: Ընդգրկում է Ստորին Հռենոս և վերին Հռենոս դեպարտամենտները: Մակերեսը 8,3 հզ. կմ² է, բն. 1410 հզ. (1968): Է. ինդուստրիալ-ագրարային շրջան է: Արդյունահանվում են կալիումական աղեր, նավթ: Զարգացած է բամբակեղենի, մեքենաշինական, նավթավերամշակման և սննդի արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է: Մշակում են ցորեն, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, գայլուկ, ծխախոտ, խաղողի և պտղատու այգիներ: Զարգացած են կաթնաանասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը: Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Ստրասբուրգն է: Հնում Է-ի տարածքում բնակվել են կելտական ցեղեր: Մ. թ. ա. 58-ին Է. մտել է Հռոմեական կայսրության, մ. թ. V դ. վերջին՝ ֆրանկական պետության, իսկ 870-ին՝ Արևելա-ֆրանկական թագավորության կազմի մեջ: Է-ի բնակչությունը մասնակցել է 1493-ի հակաֆեոդալական ապստամբությանը և 1525-ի գյուղացիական պատերազմին: Սկսած XVII դարից Է-ի համար երկարատև համառ պայքար է գնացել Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: 1618-48-ի Երեսնամյա պատերազմից հետո Է-ի զգալի մասն անցավ Ֆրանսիային (տես Վեստֆալյան հաշտություն 1648): Է. ամբողջությամբ Ֆրանսիայի հետ միավորվեց XVIII դ. վերջի Ֆրանս, բուրժ. հեղափոխության ժամանակ: Ֆեոդալական կարգերի և մաքսային սահմանների վերացումը Ֆրանսիայում նպաստեց կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը նաև Է-ում: XIX դ. (մինչև 1870) Է. ֆրանս. տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոններից էր: 1870-71-ի ֆրանս-պրուսական պատերազմից հետո Է-ի տերիտորիայի մեծ մասն անցավ Գերմ. կայսրությանը (տես Ֆրանկֆուրտյան հաշտություն 1871): 1919-ի Վերսալի հաշտության պայմանագրով Է. միացվեց Ֆրանսիային: 1940-ին, Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, Է. դարձյալ անցավ Գերմանիային: 1945 ի սկզբին ֆրանս. զորքերն ազատագրեցին Է-ի տերիտորիան՝ վերադարձնելով այն Ֆրանսիային: