ՀՍՀ/ԷԼ-ԱՄԱՌՆԱ
ԷԼ-ԱՄԱՌՆԱ, Թել Էլ Ամառնա, հին եգիպտական անունը՝ Ախեթաթոն (Աթոնի հորիզոն, կապված է Հին Եգիպտոսում արևի աստծո՝ Աթոնի պաշտամունքի հետ), հնավայր, քաղաք Հին Եգիպտոսում, այժմյան Ամառնա բնակավայրի մոտ: Հիմնադրել է Էխնաթոն (Ամեն-հոթեպ IV) փարավոնը (մ. թ. ա. XV դ. վերջին) և դարձրել իր մայրաքաղաքը՝ Թեբեի փոխարեն: Է-Ա-ի պեղումներով բացվել է փարավոնների արխիվը, գտնվել են Բաբելոնի, Միտանիի, Խեթական պետության և Կիպրոսի թագավորների հետ նրանց գրագրությունները: Պահպանվել են Նոր թագավորության շրջանի պալատներ (Նեֆերտիտի թագուհու պալատը), տաճար, գրիչների դպրոցը, միջին խավին պատկանող բնակարաններ, աղքատների և քանդակագործների թաղամասերը (ճարտարապետ Թութմոսի արվեստանոցում հայտնաբերվել են Էխնաթոնի և Նեֆերտիտիի հայտնի արձանները), դամբարաններ, բույսերի, կենդանիների, կենցաղային և այլ պատկերներով որմնանկարներ: Քաղաքի մոտ, ժայռափոր դամբարանների պատկերներն ու արձանագրությունները նվիրված են Ամոն աստծուն: Քաղաքը գոյություն է ունեցել 15 տարի և Էխնաթոնի մահից հետո՝ լքվել:
