Jump to content

ՀՍՀ/ԷԼ-ՌԵԳԻՍՏԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼ-ՌԵԳԻՍՏԱՆ (Ուրեկլյան) Գաբրիել Արկադիի (Արշակի, 15.12.1899, Սամարղանդ 29.6.1945, Մոսկվա), ազգությամբ հայ ռուս գրող, ՍՄՀՄ հիմնի հեղինակ (Ս. Միխալկովի հետ): Տիրապետել է ռուսերենին, հայերենին, ուզբեկերենին, ադրբեջաներենին, տաջիկերենին: Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Սամարղանդից մեկնել է Բաքու, կամավոր մտել կարմիր գվարդիայի շարքերը: Բաքվի կոմունայի անկումից հետո փոխադրվել է Հայաստան, մասնակցել Հայկական առաջին կոմունիստական գնդի ապստամբությանը: Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1924-ին, Թբիլիսիի «Ռաբոչայա պրավդա» թերթում: Սամարղանդում և Տաշքենդում աշխատել է որպես «Ուզբեկիստանսկայա պրավդա» թերթի թղթակից, այնուհետև՝ «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակից Միջին Ասիայում: Պամիր, Տյան-Շան, Ալթայ, Կարակում, Կզըլկում, Բետպակ-Դալա կատարած ճանապարհորդությունների արդյունքն են «Սև լեռների գաղտնիքը», «Երբ մեռնում են էմիրները», «Վտարանդին» և «Ջուլ-բարս» կինոնկարները, «Պողպատե ճանկ» պատմվածքների ժողովածուն: Ինքնաթիռով Դիկսոն թռչելու տպավորություններն են ամփոփված «Արտասովոր ճանապարհորդություն» և «Հեռավոր հյուսիսի հետախույզները» գրքերում: 1930-ական թթ. լույս են տեսել Էլ—Ռ-ի «Ֆերգանայի մեծ ջրանցքը» և «Մոսկվա-Կարակում-Մոսկվա» ակնարկների ժողովածուները:

Վ. Վարդանյան