ՀՍՀ/ԷԼ ԳՐԵԿՈ
ԷԼ ԳՐԵԿՈ (El Greco, իսկական անուն-ազգանունը՝ Դոմենիկո Թեոտոկո-պուլի, Theotocopuli, 1541, Կրետե կղզի 8.4.1614, Տոլեդո), իսպանացի նկարիչ: Ծագումով հույն: Վաղ շրջանում յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդույթները: Մոտ 1565-ին տեղափոխվել է Իտալիա (Վենետիկ, Հռոմ), ուր նրա ստեղծագործությունը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության՝ մասնավորապես Տինտորետտոյի, Բասսանոյի, Սկյավոնեի ազդեցության ոլորտում («Կույրի դարմանումը», մոտ 1565, Դրեզդենի պատկերասրահ, «Մարխով տղան», մոտ 1576, Ազգային թանգարան, Նեապոլ): Ստեղծել է կրոնական, դիցաբանական ժանրային բովանդակությամբ պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ: 1577-ին Է. Գ. տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեդոյում: Այստեղ նա դուրս եկավ իտալական գեղանկարչության ազդեցության ոլորտից՝ դրսևորելով իր անկրկնելի անհատականությունը, որը բնորոշվում է կերպարների սրված արտահայտչականությամբ, աշխարհն ու մարդկանց շարժող անիրական ուժերի հզորության դրամատիկ զգացողությամբ, մարմինները դառնում են աննյութական ու վերձիգ, գծանկարը՝ անհանգիստ, բեկբեկուն, երփնագիրը՝ մարմրող ֆոնի վրա վառվռուն շեշտադրումներ («Կոմս Օրգասի թաղումը», 1586, Սանտո-Տոմե եկեղեցի, Տոլեդո, «Հոգեգալուստ», 1610-14, Պրադո, Մադրիդ, «Տոլեդոն ամպրոպի պահին», Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, «Պետրոս և Պողոս առաքյալները», 1614, էրմիտաժ, Լենինգրադ): Է. Գ-ի դիմանկարները առանձնանում են խոր հոգեբանական լարվածությամբ և բնութագրման խորությամբ («Հավատաքննիչ Նինյո դե Գեվարա», մոտ 1601, Մետրոպոլիտեն թանգարան, «Ա. դե Կովարուբիաս», մոտ 1600-1602, Լուվր, Փարիզ):
Գրկ. Каптерева Т.П., Эль Греко, М., 1965 Gamon AznarJ., Domi-nico Greco, 3 ed., v. 1-2, Madrid, 1950.
