ՀՍՀ/ԷԿԻՆՅԱՆ
ԷԿԻՆՅԱՆ Հայկակ (Հովհաննես) Հարությունի (ծն. 1865, Տիգրանակերտ 25.03.1919, Ֆրեզնո), խմբագիր-հրատարակիչ, լրագրող-հրապարակախոս: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1883-ին մեկնել է ԱՄՆ, որտեղից թղթակցել է «Արևելք», «Մասիս», «Արմենիա», «Մշակ» և այլ պարբերականների: 1888-ին հրատարակել է Ամերիկայում առաջին հայկ. թերթը՝ «Արեգակ»ը: Հետագա տարիներին հաջորդաբար լույս է ընծայել «Սուրհանդակ» (1889-90), «Ազատություն» (1890—92), «Տիգրիս» (1897—99), «Քաղաքացի» (1902-09), «Նոր սերունդ» (1909), «Նոր սերունդ-քաղաքացի» (1909) և «Նոր կյանք» (1914-1919) պարբերականները: Հրատարակել է «Կսկծանք» (1890) և «Քնար ժողովրդական» (1899) բանաստեղծությունների ժողովածուները: Է. հարել է հնչակյան, այնուհետև՝ վերակազմյալ հնչակյան, ապա՝ ռամկավար ազատական կուսակցություններին:
Մ. Բաբլոյան
