ՀՍՀ/ԷԿՈՆՈՄԵՏՐԻԿԱ
ԷԿՈՆՈՄԵՏՐԻԿԱ (էկոնոմիկա և հուն.—չափող), ժամանակակից բուրժուական տնտեսագիտության ուղղություն, բնութագրվում է տնտեսական երեվույթների քանակական օրինաչափությունների վերլուծման մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների լայն կիրառմամբ՝ անտեսելով այդ երևույթների որակական, սոցիալական բնույթը: «Է.» տերմինը մտցրել է նորվեգացի տնտեսագետ Ռ. Ֆրիշը՝ 1926-ին, սակայն էկոնոմետրիկ հետազոտությունների ակունքները վերաբերում են դեռ XIX դ. վերջերին (Ա. Կուռնո, Լ. Վալրաս և հարվարդյան դպրոցի էմպիրիկ մեթոդոլոգիայի ներկայացուցիչներ): Է. հիմնականում ընդգրկում է երեք ուղղություն՝ տնտ. ցիկլերի նախատեսում, շուկայի և առաջին հերթին առաջարկի ու պահանջարկի ճկունության պրոբլեմների քանակական օրինաչափությունների բացահայտում, տնտեսության մեջ ծրագրավորման ոլորտի, հատկապես նրա առանձին ինքնուրույն համալիրների փոխկապված գործունեության կոորդինացման պրոբլեմների հետազոտում: Մարքս-լենինյան տնտեսագիտությանն անհարիր է տնտ. երևույթների քանակական և որակական կողմերի անջրպետումը: Դրանց միասնության պարտադիր պահպանմամբ մաթ. մեթոդների կիրառումը, հատկապես էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի ներդրմամբ, մեծ հեռանկարներ է բացում սոցիալիստական էկոնոմիկայի հետազոտման և ժողտնտեսության պլանավորման համար:
