ՀՍՀ/ԷՆԳՐ
ԷՆԳՐ (Ingres) ժան Օգյուստ Դոմինիկ (29.8.1780, Մոնտոբան—14.1.1867, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ: Աշակերտել է Ժ. Լ. Դավիդին, աշխատել Փարիզում (1806-24) և Իտալիայում (1834-41): 1835-41-ին՝ Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն: Լինելով ակադեմիական կլասիցիզմի առաջնորդ՝ դիցաբանական, կրոնական և պատմական թեմաներով պատկերներում հետևել է նրա պահպանողական դրույթներին («Լյուդովիկոս XIII ի երդումը», 1824, Մոնտոբանի տաճար, «Հոմերոսի մեծարումը», 1827, Լուվր): Միաժամանակ Է. ճշգրիտ, ճկուն և ռիթմիկ գծանկարի,ռեալիստորեն տիպականացված, հոգեբանորեն խոր դիմանկարների («Ֆ. Ժիլիբեր», 1804, Մոնտոբանի թանգարան, «Ռիվիերների ընտանիքը», 1805, Լուվր, «Լ. Ֆ. Բերտեն», 1832, Լուվր) և մերկ մարմինների պատկերման հոյակապ վարպետ է («Լողացող կինը», 1807, Բայոնի թանգարան, «Մեծ հարճը», 1814, «Աղբյուր», 1856, Լուվր): Է-ի ստեղծագործությունները պահպանվում են Լուվրում (Փարիզ) և նկարչի թանգարանում (Մոնտոբան, հիմն. 1869-ին):
Գրկ. Об искусстве, М., 1962.
