Jump to content

ՀՍՀ/ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵԺԻՄՆԵՐ, Էներգահամակարգի վիճակը բնորոշող պայմանների ամբողջություն: Ռեժիմը բնութագրվում է հզորությունների, լարումների, հոսանքների, հաճախականությունների և այլ պարամետրերի մեծություններով: Տարբերում են նորմալ, վթարային, ետվթարային, հաստատված, անցումային, սահմանային, սինխրոն տատանումների, ոչ-սինխրոն և այլ ռեժիմներ: Էներգահամակարգի աշխատանքի նորմալ ռեժիմը բնութագրվում է էլեկտրաէներգիայի որակի նորմալ ցուցանիշներով: Վթարային ռեժիմը առաջանում է վթարների կամ էլեկտրաէներգիայի որակի ոչ-նորմալ ցուցանիշների դեպքում: Ետվթարայինը վթարային պայմանների վերացումից հետո ցանցի անսովոր սխեմայի կամ գեներատորի անսովոր ռեժիմի դեպքում ժամանակավոր ռեժիմն է: Հաստատվածը լարումների, հոսանքների, հզորությունների, հաճախականության, ֆազային անկյունների և այլ պարամետրերի գործնականորեն անփոփոխ մեծությունների ռեժիմն է: Ան g ումայինը՝ մի հաստատված ռեժիմից մյուսին անցնելու վիճակն է: Սահմանայինը հաստատված ռեժիմ է, որի պարամետրերի ոչ մեծ փոփոխության դեպքում խախտվում է աշխատանքի կայունությունը: Սինխրոն տատանումների ռեժիմը բնութագրվում է լարումների, հոսանքների, հզորությունների տատանումով՝ իրենց որոշակի միջին արժեքների շուրջը, ոչ սինխրոն ռեժիմը՝ ոչ սինխրոն աշխատող գեներատորների էլշուների ֆազային անկյունների փոփոխմամբ: Կա նաև ամենամեծ բեռի ռեժիմ, երբ համակարգի կամ նրա առանձին մասի գումարային բեռնվածքը հնարավորներից ամենամեծն է, ոչ-սինուսոիդային ռեժիմ, որը բնութագրվում է հոսանքի կամ լարման մեջ հիմնական սինուսոիդից տարբերվող ներդաշնակների առկայությամբ, հատուկ ռեժիմ, որը նորմալ ռեժիմ չէ, բայց, ըստ համակարգի կայունության պահպանման պայմանների, թույլատրելի է որոշ ժամանակահատվածում: Վթարային, ետվթարային և հատուկ ռեժիմների հանգեցնող պատճառները բազմազան են: Դրանք են. հողանցում (ֆազային մեկուսացման վնասվածք, որը հանգեցնում է ֆազի և հոդի ոչ-նորմալ միացման), կրկնակի հողանցում (երկու ֆազերի մեկուսացման վնասվածք՝ համակարգի միևնույն կամ տարբեր տեղերում), երկֆազ կարճ միացում (եռաֆազ էլեկտրական համակարգի ցանկացած երկու ֆազերի միջև ոչ-նորմալ միացում), եռաֆազ կարճ միացում (եռաֆազ համակարգի երեք ֆազերի ոչ-նորմալ միացում), եռաֆազ կարճմիացում հոդի հետ (երեք ֆազերի և հողի միջև ոչ-նորմալ միացում): Էներգահամակարգի աշխատանքի նորմալ ռեժիմը վերականգնելու համար կիրառվում են տարբեր միջոցառումներ, որոնք ներգործում են աշխատող սարքավորման վրա: Դրանք են. կարճ միացման հոսանքների սահմանափակումը, էլեկտրական ցանցի առանձնացումը (կարճ միացման շղթայի գումարային դիմադրությունը մեծացնելու նպատակով), շղթայի մեջ ռեակտորներ մտցնելը, ինքնասինխրոնացումը (երբ միացվում է չգրգռված գեներատորը և գրգռում տալուց հետո մտցվում սինխրոնիզմի մեջ), վերասինխրոնացումը (սինխրոնիզմից դուրս եկած գեներատորի, կայանի կամ համակարգի սինխրոն աշխատանքի վերականգնման պրոցես), անջատված սարքավորման փոխարեն պահեստայինի ավտոմատ միացումը, էլեկտրահաղորդման գծի ավտոմատ կրկնակի միացումը (ԱԿՄ): Կա նաև արագագործ ԱԿՄ (ԱԱԿՄ): Եթե համակարգում վթարային ռեժիմն առաջացել է խոշոր գեներացնող հզորությունների անջատման հետևանքով, ապա համակարգում առաջանում է հաճախականության նվազման ռեժիմ: Այս դեպքում գործում են ավտոմատ սարքերը, որոնք նախատեսված հաջորդականությամբ անջատում են էլեկտրաէներգիայի սպառիչները: Այս միջոցառումը կոչվում է էներգահամակարգի ավտոմատ հաճախային բեռնաթափում: Էներգահամակարգի աշխատանքի նորմալ պայմանների վերականգնման համար կիրառում են ավտոմատ կարգավորման զանազան սարքեր (գրգռման, հզորության, հաճախականության):

Հ. Ադոնց