ՀՍՀ/ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԷՀԳՀԻ), ՍՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման մինիստրության գիտահետազոտական հիմնարկություն: Հիմնադրվել է 1961-ի մարտին, Երևանում, ՀՍՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի ինստ-ի և ջրային պրոբլեմների ու հիդրոտեխնիկայի ինստ-ի 2 բաժինների (ընդհանուր էներգետիկայի և հիդրոէներգետիկայի) բազայի վրա: Մինչև 1963-ի հունիսը կոչվել է ՀՍՍՀ ԳԱ էներգետիկայի ինստիտուտ: Հիմնական խնդիրներն են. հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարների հետազոտումը, էներգահամակարգերի և էլեկտրակայանների ռեժիմների օպտիմալացումը, էներգետիկայի համար հատուկ հաշվողական մեքենաների ստեղծումը: Ունի 12 գիտահետազոտական լաբորատորիա և հաշվողական կենտրոն, որտեղ մշակվել են հանրապետության վառելիքի և էլեկտրաէներգիայի պահանջները մինչև 2000 թ., էլեկտրաէներգիայի միջհամակարգային վերահոսքերի մեծությունները՝ ըստ Անդրկովկասի միացյալ էներգահամակարգի ռեժիմների կայունության, Երևանի, Լենինականի, Կիրովականի, Ղափանի ջերմամատակարարման օպտիմալ սխեմաները, էներգահամակարգում հզորության կորուստները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև ջերմային և հիդրավլիկական էլեկտրակայանների ռեժիմների օպտիմալացման ալգորիթմներ և էլեկտրոնային հաշվողական մեքենաներով հաշվարկման ծրագրեր: Կատարվել են Հայաստանի, Վոլգոգրադի, Բաշկիրիայի, Յարոսլավլի, Բառնաուլի էներգահամակարգերի մի շարք էլեկտրակայանների օպտիմալ ռեժիմների, Սարատովի, Տաջիկստանի, Ղրիմի և այլ էներգահամակարգերի տնտեսության կառավարման սկզբունքների հետազոտություններ: ԷՀԳՀԻ-ի հաշվողական կենտրոնում ստեղծվել և փորձնական արտադրության մեջ ներդրվել է էներգահամակարգի ավտոմատացված մոդելը: Մշակված մեքենաների և հանգույցների համար ինստ-ն ստացել է ավելի քան 30 հեղինակային վկայագիր: Գործում է ասպիրանտուրա: Ինստ-ից առանձնացել են մի շարք լաբորատորիաներ, որոնց հիման վրա ստեղծվել են Լենինի անվ. համամիութենական էլեկտրատեխնիկական ինստ-ի Երևանի բաժանմունքը, Հոսանքի աղբյուրների համամիութենական ԳՀԻ-ի Երևանի բազային լաբորատորիան. Գազի արդյունաբերության էկոնոմիկայի համամիութենական ԳՀԻ-ի Երևանի կոմպլեքսային բաժինը:
Հ. Ադոնց
