ՀՍՀ/ԷՆԵՐԳԻԱ
ԷՆԵՐԳԻԱ (հուն.—գործունեություն, ուժ, եռանդ), մատերիայի շարժման տարբեր ձևերի ընդհանուր չափանիշ, ֆիզիկայի հիմնական հասկացություններից է: Է-ով է բնութագրվում համակարգի աշխատանք կատարելու ունակությունը՝ մի վիճակից մյուսն անցնելիս: Մատերիայի շարժման ու փոխազդեցության տարբեր ձևերին համապատասխան տարբերում են մեխանիկական, ջերմային, քիմ., էլեկտրամագնիսական, գրավիտացիոն, միջուկային ևն Է-ներ: Մեխանիկական Է. մակրոսկոպիկ մարմինների շարժման և փոխազդեցության Է-ների գումարն է: Շարժման Է. կոչվում է կինետիկ է: Համընթաց շարժման դեպքում այն հավասար է mv 2 2 (m-ը մարմնի զանգվածն է, v-ն՝ արագությունը): Փոխազդեցության Է. կոչվում է պոտենցիալ Է., այն կախված է մարմինների փոխադարձ հեռավորությունից և դասավորությունից, այսինքն՝ կոորդինատներից: Մարմինների փոխադարձ հեռավորության փոփոխման դեպքում դրանց փոխազդեցության ուժերը (մեխանիկական ուժեր) աշխատանք են կատարում, ընդ որում տեղի է ունենում պոտենցիալ և կինետիկ Է-ների փոխակերպում: Միկրոաշխարհում, որտեղ գործում են քվանտային մեխանիկայի օրինաչափությունները (մասնավորապես, անորոշությունների առնչությունները), Է. անհնար է բաժանել կինետիկ և պոտենցիալ մասերի: Այստեղ իմաստ ունի միայն լրիվ Է-ի հասկացությունը: Ջերմային Է. մարմնի ատոմների և մոլեկուլների քաոսային (ջերմային) շարժման Է. է: Այդ շարժումով է բնութագրվում մարմնի ջերմաստիճանը: Սակայն մարմինների ջերմափոխանակությունն ուղեկցվում է ոչ միայն կինետիկ, այլև փոխազդեցության Է-ի փոփոխությամբ (փոփոխվում են մարմնի մասնիկների միջին հեռավորությունները): Այդ պատճառով ավելի ճիշտ ու կարևոր հասկացություն է ներքին էներգիան՝ մարմինը կազմող մասնիկների կինետիկ և պոտենցիալ Է-ների միջին արժեքը: Քիմիական Է. ատոմների կապի Է. է մոլեկուլում: Քիմ. փոխակերպումների դեպքում ելանյութերի և ռեակցիայի հետևանքով ստացվող նյութերի Է-ների տարբերությունն անջատվում կամ կլանվում է Է-ի այս տեսակների ձևով: Էլեկտրամագնիսական Է. մատերիայի առանձնահատուկ տեսակներից մեկի՝ էլետրամագնիսական դաշտի Է. է: Էլեկտրամագնիսական Է. կենտրոնացված չէ միայն դաշտի աղբյուրներում (լիցքավորված մարմիններում), այլ որոշակի խտությամբ բաշխված է ամբողջ տարածության մեջ: Աղբյուրներից հեռանալիս Է-ի խտությունն արագ նվազում է: Գրավիտացիոն Է. տիեզերական ձգողության դաշտի Է. է, նույնպես բաշխված է ամբողջ տարածության մեջ, սակայն հիմնական մասը կենտրոնացած է զանգվածների զբաղեցրած տիրույթներում: Միջուկային Է. (ատոմային է.) միջուկային ուժերով պայմանավորված Է. է: Միջուկային փոխակերպումների դեպքում սկզբնական և վերջնական իզոտոպների միջուկների Է-ների տարբերությունը սովորաբար անջատվում է առաջացած միջուկների և տարրական մասնիկների կինետիկ Է-ի, ինչպես նաև էլեկտրամագնիսական Է-ի (գամմա-ճառագայթներ) ձևով: Միջուկային էներգիան կազմում է աստղերի ներքին Է-ի աղբյուրների նշանակալի մասը: Միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում գոյություն ունեն նաև կապի էներգիա, հանգստի էներգիա (տարրական մասնիկի Է. հանգստի վիճակում) հասկացությունները: Է-ի տեսակների վերոհիշյալ դասակարգումը որոշ իմաստով պայմանական է, քանի որ մատերիայի շարժման ձևերի փոխադարձ անցումների շնորհիվ երբեմն հնարավոր չի լինում սահմանազատել Է-ի տարբեր դրսևորումները: Սկզբունքորեն բացառված չէ նաև Է-ի այլ, առայժմ գիտությանն անհայտ տեսակների գոյությունը: Ֆիզիկայի զարգացման պրոցեսում Է-ի մասին եղած պատկերացումները ճշտվել և ընդհանրացվել են: Հարաբերականության տեսությունը ունիվերսալ կապ հաստատեց Է-ի և զանգվածի միջև: Միկրոաշխարհի օրինաչափություններն այն եզրակացությանը հանգեցրին, որ կապված համակարգի Է. կարող է ունենալ միայն ընդհատ, քվանտացված արժեքներ: Միավորների միջազգային համակարգում Է-ի չափման միավորը ջոուլն է, իսկ CGS համակարգում՝ երգը: Գործածվում է նաև կիլոգրամամետր (կԳմ) միավորը: Թերմոդինամիկական և քիմ. հաշվարկներում Է-ի չափման համար հաճախ կիրառվում է կալորիան: Միջուկային և ատոմային ֆիզիկայում Է-ի միավորը էլեկտրոն-վուտն է: Է. ֆիզիկական այն մեծություններից է, որոնք ենթարկվում են պահպանման օրենքներին: Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը բնության համընդհանուր օրենք է, ըստ որի՝ ցանկացած փակ համակարգի (համակարգը կոչվում է փակ, եթե շրջապատի հետ նրա փոխազդեցությունը կարելի է անտեսել) Է. համակարգում ընթացող բոլոր պրոցեսների դեպքում պահպանվում է: Է. կարող է միայն մի տեսակից փոխարկվել մի այլ տեսակի, սակայն ոչնչանալ կամ ոչնչից ստեղծվել չի կարող: Պարզագույն դեպքում, երբ համակարգը բաղկացած է ժամանակի ընթացքում անփոփոխ ուժային դաշտում շարժվող մի մասնիկից: Բարդ համակարգերում պահպանվում է բոլոր տիպի է-ների գումարը (եթե, իհարկե, հաշվի են առնվում Է-ի հնարավոր փոխանակումները արտաքին աշխարհի հետ): Է-ի պահպանման և փոխակերպման օրենքի գոյությունը կանխագուշակել են դեռես Գ. Գալիլեյը և XVIII—XIX դդ. մի շարք գիտնականներ (Հյուգենս, Բեռնուլի, Էյլեր, Կառնո, Ֆարադեյ և ուրիշներ), սակայն օրենքն իր վերջնական ձևակերպումն է ստացել XIX դ. 40-ական թթ. Ռ. Մայերի, Ջ. Ջոուլի և Հ. Հելմհոլցի (միմյանցից անկախ) աշխատություններում: Նրանք հաստատեցին ֆիզիկական տարբեր երևույթների փոխադարձ կապը և հանգեցին այն եզրակացության, որ Է. տարբեր պրոցեսներում պահպանվող ընդհանուր չափանիշ է: Մայերը և Ջոուլը բավական մեծ ճշտությամբ որոշեցին ջերմության մեխանիկական համարժեքը: Է-ի պահպանման և փոխակերպման օրենքի հայտնագործումը վերջ դրեց հավերժական շարժիչ ստեղծելու ապարդյուն փորձերին և խթանեց ֆիզիկայի ու գիտության մյուս ճյուղերի (կենսաբանություն, քիմիա ևն) արագ ու անկաշկանդ զարգացումը: Մեծ է այդ օրենքի փիլ. նշանակությունը, այն ըստ էության մատերիալիստական փիլիսոփայության բնագիտական նախադրյալներից է, քանի որ հաստատում է շարժման համընդհանրությունը և աշխարհի միասնականությունը:
Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1967: Լենին Վ. Ի., Մատերիալիզմ U էմաիրիոկրիտիցիզս՝, Երկ., հ. 14: Кудрявцев П. С, История физики, т. I, 2 изд., М., 1956 Льоцци М., История физики, пер. с итал., М., 1970.
Գ. Սահակյան
