Jump to content

ՀՍՀ/ԷՋԿԱՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՋԿԱՊ, 1. տպագրական կաղապարի պատրաստման պոլիգրաֆիական պրոցես: Է-ի ժամանակ որոշվում է էջերի թիվը` էջում՝ տողերի թիվը, վերնագրի, պատկերազարդումների, տիտղոսատարրերի, տեղեկատու նյութերի տեղադրումը, նախնական էջերում բացատների չափերը ևն: Է. կատարվում է տպարանում, ըստ հրատարակության մակետի կամ ըստ շարվածքի և կլիշեի շարվածասյան տպվածքների վրա կատարված նշումների: Առանց սյուների տպագրության դեպքում Է. կատարվում է ըստ բնագրի վրա կատարված նշումների: Ըստ բնագիր մակետի Է-ի դեպքում բնագիր-մակետը տպարան է իջեցվում էջավորված մակետի տեսքով՝ ճշգրիտ և վերջնական հաշվարկով, բոլոր նյութերի նշումով: Է-ի գլխավոր խնդիրն է տեքստի տրամաբանական կառուցվածքի դրսևորումը, դյուրընթեռնելիության, էջերի և ամբողջ հրատարակության անհրաժեշտ համամասնությունների ապահովումը: Տեքստը էջկապվում է մեկ, երկու, երեք և ավելի շարվածասյուներերով: Պատկերազարդումների Է-ի համար կան մի քանի հիմնական սխեմաներ, բաց (պատկերազարդումները տեղադրվում են էջի վերևում կամ ներքևում), փակ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են վերևից և ներքեվից), խուլ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են բոլոր կողմերից, ինչպես նաև տեղադրվում են լուսանցքում կամ մասամբ դուրս են բերվում լուսանցք): 2. էջկապված շարվածքի (սրբագրության) տպվածք՝ սխալների ուղղման համար: