Jump to content

ՀՍՀ/ԷՋՄԻԱԾԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՋՄԻԱԾԻՆ (մինչև 1945-ը՝ Վաղարշապատ), քաղաք Հայկական ՍՍՀ-ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: 1965-ից՝ հանրապետական ենթակայության: Երևանից 20 կս արմ.: Հեռավորությունը երկաթուղուց («էջմիածին» կայարան) 15 կմ է, խճուղիների հանգույց (Երեվան-Հոկտեմբերյան-Լենինական, Աշտարակ-Մարգարա միութենական մայրուղիներ և տեղական նշանակության խճուղիներ): Տարածությունը 15 կմ² է, բն. 42 հզ. (1976): ՀՍՍՀ արագ զարգացող արդ. կենտրոններից է: Գործում են տասնյակից ավելի արդ. ձեռնարկություններ: Արդ. արտադրանքի 54,5-ը (1978) կազմում են էլեկտրոնային սարքաշինությունը և մետաղամշակումը, 40 ը՝ սննդի արդյունաբերությունը: Խոշոր ձեռնարկություններից են գինու և կենցաղային մետաղաիրերի կոմբինատները, «Պլաստմասսա», «էլեկտրոն» արտադրական միավորման, հացի, կաթի գործարանները, տպարանները (2): Է-ի տարածքում են Վ. Ի. Լենինի անվ., Զվարթնոցի, ծաղկաբուծական և ջերմատնային տնտեսությունները: Արդ. Ձեռնարկություններում աշխատում է շուրջ 10 հզ. Բանվոր-ծառայող: Արդյունաբերության վերելքին զուգընթաց աճել է բնակչությունը (նախասովետականի համեմատ ավելի քան 10 անգամ), զարգացել կրթական մշակութային կյանքը: Գործում են (1978) 12 միջնակարգ, այդ թվում մեկ գիշերօթիկ, մեկ երեկոյան, 2 երաժշտական, նկարչական և սպորտ դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, ակումբա-գրադարանային տեխնիկում, պիոներների պալատ, 14 մսուր-մանկապարտեզ, 3 կինոթատրոն, կապի 7 բաժանմունք, 4 գրադարան, 9 ակումբ, մարզադաշտ, Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղը, հայրենագիտական, Կոմիտասի հանրապետական թանգարանները, Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանը, ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության երկրագործության ԳՀԻ, 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, դիսպանսեր, 3 դեղատուն: 1931-ից հրատարակվում է ՀԿԿ Է-ի շրջկոմի և ժողովրդական դեպուտատների շրջսովետի ու քաղսովետի օրգան «Կոմունիզմի ուղիով» թերթը: Ռ. Հովեսյան Է-ի հատակագծման աշխատանքներն սկսվել են 1925-ից՝ U. Թամանյանի ղեկավարությամբ: 1939-46-ին կազմվել է առաջին գլխավոր հատակագիծը (ճարտ. Ս. Մանուկյան, տնտեսագետ՝ Ս. Մանասերյան), որը 1958-ին վերանայվել ու ենթարկվել է մասնակի փոփոխությունների (ճարտ. Է. Պապյան, Ն. Շաքարյան, տնտեսագետ` Մ. Հակոբջանյան): Է-ի կառուցումն ընթացել է հաշվի առնելով դարերով կազմավորված առանձնահատկությունները՝ ճարտ. հուշարձանների առկայությունը և բնական պայմանները: Ճարտ. հիմնական անսամբլները կողմնորոշվել են դեպի Արարատ, մասամբ՝ Արագած լեռները: Կառուցվել են բազմաթիվ շենքեր՝ մշակույթի տունը (ճարտ. Ս. Մանուկյան), 2-3 հարկանի բնակելի տներ, կառուցապատվել փողոցները, վերակառուցվել վանքի ջրավազանն ու ճեմայգին: Հուշարձանների մի մասի շուրջն ստեղծվել են կանաչ գոտիներ, օղակաձև ծառաշատ պուրակ՝ ելնելով առկա փողոցների ցանցից: Զգալի աշխատանք է տարվել ջրամատակարարման ուղղությամբ: 1970-ին Հայպետնախագիծ ինստ-ում կազմվել է Է-ի նոր գլխավոր հատակագիծ (ճարտ. Լ. էյվազովա, Է. Թաշչյան, Գ. Ռաշիդյան, տնտեսագետ՝ Ա. Մանվելյան, քաղաքի գլխավոր ճարտ. Զ. Տերտերյանի, Հ. Պողոսյանի և այլոց մասնակցությամբ), որը նախատեսում է քաղաքի զարգացումը մինչև 2000 թ.: Հատակագծում զարգացվել են նախորդի հիմնական կոմպոզիցիոն գաղափարները և նոր առաջացած խնդիրները՝ տուրիզմի հարաճուն ծավալումն ու քաղաքաշինության արդի սկզբունքները: Կառուցվել են արտադրական նոր ձեռնարկություններ, վերակառուցվում են կենտրոնական թաղամասերն ու փողոցները: Ձևավորվել է կենտրոնի կառուցապատումը (ճարտ. Գ. Ռաշիդյան)՝ Կոմիտասի անվ. հրապարակով և կենտրոնական վարչական շենքի (ճարտ. Մ. Միքայելյան, Ֆ. Վաղարշակյան) ու վանքի համալիրի անսամբլային մասնակցությամբ: Կենտրոնի աչքի ընկնող շենքերից է նոր հանրախանութը (ճարտ. Է. Սարապյան): Կառուցվում են փորձարարական նոր տիպի բնակելի տներ (ճարտ. Մ. Միքայելյան, Գ. Ռաշիդյան), որոնցում յուրովի մեկնաբանված են կլիմայական շոգ պայմաններում կիրառվող ամառային պատշգամբներ: Ուրույն լուծում են ստացել առևտրական կենտրոնը, կոմունալ տնտեսությունը, սպորտային և ճարտ. հուշարձանների գոտիները: Է. հարստացել է նոր հուշարձաններով. 1921-ին Է-ում զոհված հեղափոխականների (Ս. Մանուկյան), Հայրենական մեծ պատերազմում ընկած էջմիածնեցիների (Զ. Տերտերյան) հիշատակներին նվիրված արձանները, Կոմիտասի արձանը (Ե. Քոչար), «Առատություն» դեկորատիվ-բարձրաքանդակը (Զ. Տերտերյան) ևն: Է-ի շինարարության մեջ օգտագործվում են տեղական ու հանրապետության այլ շրջանների տուֆը, բազալտը և արհեստական շինանյութեր: Բնակելի մակերեսը մոտ 205 հգ. մ² է (1978): Խմելու ջուրն ստացվում է Աշտարակի շրջանի Բազմաղբյուր և Նագրվան գյուղերի աղբյուրներից: Բնական գազն ստացվել է 1970-ին: Է. բոլոր կողմերից շրջապատված է այգիներով: Հվ-արմ. մասում տարածված է արհեստական անտառը (12 հա): Մ. Միքայելյան

Պատմական ակնարկ: Է-ի տարածքում մարդիկ բնակվել են հնագույն ժամանակներից: Այդ են վկայում Է-ի և մոտակայքի հուշարձանները (Շրեշ բլուր, Մոխրաբլուր, Խաթունարխ, Թեղուտ ևն)՝ քարի, բրոնզի և երկաթի դարերի հնագիտական անընդմեջ շերտերով: Պեղումների և շինարարական աշխատանքների 1913, 1930 (Ա. Քալանթար), 1931 (ՀՍՍՀ լուսժողկոմատի հանձնաժողով), 1932, 1950, 1955-1957, 1967 ևն ժամանակ հնագիտական բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել: Է.—Խաթունարխ ճանապարհի աջ եզրի դամբարանադաշտի դամբանահորերից (քառանկյունի կամ օվալաձև) պեղվել են օբսիդիանն և վանակատե նետասլաքներ, սերդոլիկե հղկված ուլունքներ, հասարակ և սև դրվադանախշ խեցամաններ, բրոնզե դաշույններ, Հռիփսիմեից Զվարթնոց ձգվող անտիկ շրջանի դամբարանադաշտի սալարկղային, գետնափոր-սալածածկ, կավե թրծած դագաղներով (մի մասը կիսակոշիկի կամ կարասի ձևով) դամբաններից՝ գեմմաներ, հայելու կտորներ, ապակե սրվակներ, ուլունքներ, ականջօղեր, բրոնզե և արծաթե առարկաներ՝ գեմմաներով մատանիներ ևն: Գեմմաներից (I—II դդ.) մեկի վրա պատկերված է Դեմետրե աստվածուհին, ձեռքում՝ հասկ, մի ուրիշի վրա՝ Աթենաս Պալլասը՝ սաղավարտով ու վահանով: Կան նաև ուրիշ պատկերներով գեմմաներ: Է-ի վանքի տպարանի բակում բացվել են հնագույն բաղնիքի հիմնապատեր: Գ. Կարախանյան

Է-ի մասին գրավոր ամենահին տեղեկությունը պատկանում է ուրարտ. թագավոր Ռուսա Բ-ին (մ. թ. ա. մոտ. 685—645): Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության, Է-ի տարածքը կոչվել է Կուարլինի (Quarli-ni), որտեղ Ռուսա Բ ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից (Ադոնց Ն., Հայաստանի պատմություն, Ե., 1972): Մեկ դար հետո, Հայոց Երվանդ Սակավակյաց (մ. թ. ա. 570 560) թագավորի օրոք, վերջինիս փեսա Վարդգես Մանուկը այդ նույն տարածքում, Շրեշ բլրի և Արտիմեդ քաղաքի մոտ, Քասաղ գետին ափամերձ կառուցել է խոշոր ավան և իր անունով կոչել Վարդգեսավան: Տիգրան Բ Մեծը (մ. թ. ա. 95-55) այնտեղ է բնակեցրել իր գերած հրեաների մի մասին, որից հետո ավանը դարձել է վաճառաշահ քաղաքագյուղ: Վաղարշ Ա. Արշակունի արքան (117-140) այն պարսպապատել ու պատվարել է և վերանվանել Վաղարշապատ՝ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, գիրք Բ, գլ. ԿԵ): Ապա կատարել է նաև այլ կառուցումներ և քաղաքը դարձրել երկրորդ աթոռանիստ: 163-ին, Կայնեպոլիս (Նոր քաղաք) անունով հռմայեցիք այն նույնիսկ մայրաքաղաք հռչակեցին՝ գրաված և ավերած Արտաշատի փոխարեն: Նրանք մի շարք կառուցումներ կատարեցին Վաղարշապատում, հատկապես ամրացրին նրա պաշտպանական համակարգը, որոնց մասին վկայում է Է.—Զվարթնոց հատվածում հայտնաբերված լատ. երկու արձանագրությունը: Հռոմայեցիներին արտաքսելուց և Արտաշատը վերականգնելուց հետո պաշտոնական մայրաքաղաքը շարունակեց մնալ Արտաշատը (IV դարից՝ Դվինը), իսկ Վաղարշապատը, մինչև հայ Արշակունյաց հարստության անկումը (428), կատարել է մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դերը: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր, աշտարակավոր պարիսպներ՝ մի քանի դարպասներով (հատկապես նշանավոր էր արլ. մեծ դարպասը՝ Արեգի դուռը): Քաղաքը հվ-ից պաշտպանված էր Քասաղի ջրով լցվող և Պառկեն-փոս կոչվող խոր խրամով, հվ-արմ-ից՝ ընդարձակ ճահճով, որը նաև կառափնարան էր, ուր կատարվել են մահապատիժները: Քաղաքի նշանակությունը հատկապես մեծացավ քրիստոնեությունը Հայաստանում պետ. կրոն հռչակվելուց (301) հետո: Ագաթանգեղոսը վկայում է, որ Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլք է երևում, ըստ որի, Հիսուս Քրիստոսն իբր իջնում է («Էջ Միածնի Որդւոյ Աստուծոյ» կամ «Էջ Միածինն», այստեղից՝ Է.) Վաղարշապատ և ձեռքի ոսկե ուռով ցույց տալիս այն վայրը, որտեղ Ա. Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատվին պետք է կառուցել «տուն աղօթից»: Կատարելով «աստվածային» ցուցումը՝ Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Մեծի, նախարարների ու հավատացյալ ժողովրդի օգնությամբ կործանում է Սանդարամետի մեհյանը և տեղում հիմնում (301—303) Կաթողիկե եկեղեցի՝ Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար Ս. էջմիածինը, Հայոց քահանայապետությունը և Սուրբ էջմիածնի միաբանությունը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլ. ՃԲ—ՃԺԳ): Այնուհետև, Վաղարշապատը հետագայում, հատկապես՝ XIII—XV դարերից, տաճարի անունով կոչվել է նաև Է. (թուրք, աղբյուրներում՝ Ուչ-Քիլիսե. երեք եկեղեցիներ)դարձավ Հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը, անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից (տես Կաթողիկոսություն Ամենայն Հայոց), պահպանեց Մայր տաճարի առաջնային նշանակությունը: Սկսած IV դարից (որոշ ընդհատումներով) Է. ունեցել է հոգևոր-մշակութային նշանակալից կյանք, շարունակ հարստացել նորանոր կառույցներով ու հիմնարկություններով: Դեռևս Գրիգոր Լուսավորչի կաթողիկոսության (302-325) օրոք կառուցվել են հայրապետանոց, միաբանների և սպասավորների կացարան (V դարից հայտնի է«Սուրենյաց անապատ» անունով), հիմնադրվել Ս. Հռիփսիմյանց վկայարանները, հոգ տարվել նորահաստատ քրիստոնեության հոգևոր գործիչներ պատրաստելու և նրանց կրթության ուղղությամբ: Այդ նպատակով բացվել են հուն, ու ասոր. դպրոցներ, Ներսես Ա Մեծի (353—373) օրոք՝ հուն, դպրոց: Է. հոգևոր-մշակութային առանձնակի վերելք է ապրել հատկապես V դ., երբ բուռն գործունեություն ծավալեցհն Հայոց լուսավորիչներ Սահակ Ա Պարթևն (388-439) ու Մեսրոա Մաշտոցը (361-440), որոնք Վռամշապուհ թագավորի (388-413) սատարմամբ հիմնադրեցհն Հայոց մեսրոպատառ առաջին դպրոցը: Դրանից քիչ հհտո Է. իր հոգևոր գործիչներով դարձավ Վարդանանց (450-451), ապա՝ Վահանանց (481—484) ազատագրական պատերազմների ոգեշնչող: Թեև 484-ին կաթողիկոսարանը տեղափոխվեց Դվին, սակայն հոգևոր-մշակութային կյանքն Է-ում շարունակեց ծաղկում ապրել: 484-486-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգեց վանքը, իսկ 486-491-ին վանքի հոգաբարձու Ղազար Փարպեցին հիմնադրեց Հայոց աոաջին Մատենադարանը: Այնուհետև Է. դարձավ հայ գրչության նշանավոր կենտրոն, ուր տարբեր ժամանակներում գրվել, ընդօրինակվել ու ծաղկանկարվել են զանազան բնույթի բազմաթիվ ձեռագրեր: Հոգևոր-մշակութային և շինարարական բուռն աշխատանքներ են ծավալվում VII դ., հատկապես՝ Կոմիտաս Ա Աղցեցի (615—628), Եզր և Փառաժնակերտցի (630—641) և Ներսես Գ Տայեցի (641—661) կաթողիկոսների օրոք: 618-ին նորոգվում է Կաթողիկեն և կառուցվում Հռիփսիմեի տաճարը, 630-ին՝ Գայանե եկեղեցին և քահանայական դասի կայանը, 641—661-ին՝ Զվարթնոցը, նոր վեհարան, բաղնիք, ջրհոր, հնձաններ: II դ. կեսից սկսած Է. Արտաշատի ու Դվինի, հետագայում նաև Անիի միջոցով մասնակցել է տարանցիկ առևտրին, ունեցել հոծ ու բազմալեզու (հայեր, հրեաներ, պարսիկներ, հույներ, ասորիներ ևն) բնակչություն: Ըստ Փավստոս Բուգանդի, IV դ. վերջին քառորդում Հայաստան կատարած արշավանքների ժամանակ պարսից արքա Շապուհ II-ը Է-ից գերեվարել է 19 հզ. տուն մարդ (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Դ, գլ. ԾԵ): Այդ փաստը, թեև հավանական ուռճացման, վկայում է, որ Է. եղել է բազմամարդ: Է. ունեցել է զարգացած արհեստագործություն՝ ոսկերչություն, զինագործություն, դարբնություն, խեցեգործություն: Զբաղեցրել է ընդարձակ տարածություն (արլ-ից արմ., Զվարթնոցից մինչև Քասաղի աջ ափը), որն արդյունք էր ոչ միայն բնակչության բազմաշատության, այլև ավատական բնատնտեսության. Հայաստանի այլ քաղաքների նման Է-ի բնակիչների զգալի մասը զբաղվել է երկրագործությամբ ու գյուղատնտեսական այլ աշխատանքներով: Չնայած այս վերելքն առժամանակ կասեցվում է VII դ. կեսից սկսված արաբ, արշավանքներով ու ավերումներով, սակայն VIII դ. սկզբից Է-ում նորից տնտ. աշխուժացում է սկսվում և շարունակվում Հայոց Բագրատունյաց թագավորության ամբողջ ընթացքում: Հայոց արքա Գագիկ Բ-ի (1042—45) այցելության միջոցին Է. տակավին շեն էր ու բարգավաճ: Այնուհետև մնում է անհիշատակ և օտար նվաճողներից (սելջուկներ, մոնղոլներ, թաթարներ) այնքան ավերված ու ամայի, որ Ստեփանոս Օրբելյանը (XIII դ.) հատուկ «Ողբ» է գրել: Անշուք վիճակը շարունակվում է մինչև XV դ. կեսը, երբ Հովհաննես Հերմոնեցու և Թովմա Մեծոփեցու ջանքերով 1441-ին գումարված Էջմիածնի ազգային ժողովը Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը վերահաստատում է Է-ում: Է. կրկին դառնում է համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնը և Հայոց կաթողիկոսի աթոռանիստը, որպիսին մնում է առ այսօր (ներկայիս Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Տ. Տ. Վազգեն Ա Պալճյանը Է-ում նստած աթոռակալներից 58-րդն է): Պատմա-քաղաքական այս խոշոր իրադարձությունը, ինչպես և երկրի վարչական կենտրոն Երևանին մոտ լինելու հանգամանքը խթան են դառնում Է-ի հետագա զարգացման համար: Հաստատվելով է-ում՝ Հայոց կաթողիկոսները հնարավորություն են ստանում անձամբ հետևելու քաղաքի ներքին կյանքին, միաբանության հետ զանազան միջոցառումներ ձեռնարկելու, տնտ. ու մշակութային կյանքը բարվոքելու համար: Երբ Գրիգոր ժ Ջալալբեկյանցը (1443—65) գնեց Է. և դարձրեց վանքապատկան կալված (որպիսին մնաց մինչև 1920-ը), կաթողիկոսարանն ու միաբանությունը սկսեցին խրախուսել ու հովանավորել գյուղատնտեսության զարգացումը: Է-ի բնակիչների նախկին զբաղմունքների (պտղաբուծություն, այգեգործություն, մարգագետնային պտուղների և հացահատիկների մշակում) վրա ավելանում են նորերը՝ գինեգործությունը, բամբակագործությունը, գյուղատնտեսությանն օժանդակող արհեստագործությունը, ավելի ուշ՝ ջերամապահությունը: Տնտ. այս աշխուժացումը որոշ ժամանակով կասեցվում է XVII դ. սկգբին պարսկ. շահ Աբբաս 1-ի արշավանքով: Տասնյակ հազարավոր հայերի բռնագաղթից հետո, 1614-ին նա Է-ի տաճարից տեղահան է անում և Սպահան փոխադրում 15 որմեր, աշտանակներ, Գրիգոր Լուսավորչի Աջը և այլ մասունքներ, ցանկանալով այնտեղ մի նոր «Էջմիածին» կառուցել, որով կկարողանար նոր երկրի հետ կապել գաղթեցված հայերին: Մովսես Գ Տաթևացու (1629-32) օրոք նորոգվում են այդ ավերումները և կատարվում նոր կառուցումներ՝ փուռ, ամբար, սեղանատուն, տնտեսատուն, պարսպապատվում վանքը (հողագանգ, քառակուսի): Լայն շինարարություն է ծավալում Փիլիպոս Ա Աղբակեցին (1632-55): Կառուցվում են երկու ձիթհանք, քանքան (ստորերկրյա ջրերը հավաքելու և ընդգետնյա խոնավությունը ցամաքեցնելու համար), Գյոզալդարա (այժմ՝ Գեղաձոր) գետակի ջրի մի մասը տեղափոխվում Քասաղ՝ Է-ի անդաստանները ոռոգելու համար: Շինարարությունը գլխավորում է Ուստա Գրիգորը, որը 1639-ին արձանագրություն է թողել Տրդատա դռան վրա: Վաղուց չէր գործում Է-ի դպրոցը, միայն XVII դ. առաջին քառորդում էր փորձ արվել այն վերաբացելու, երբ «արտաքին» գիտությունների նշանավոր վարդապետ Մելիքսեդեկ Վժանցին հրավիրվել էր Է. և պահել մի քանի աշակերտ: Այդ բացը վերացնելու համար 1635-37-ին Հովհաննավանքի դպրատունը փոխադրվեց Է.: Առժամանակ ծաղկում է դպրոցը (1640-ից հայտնի է «Վարդապետարան» անունով), երբ այնտեղ դասավանդում են գիտնական-ուսոլց-չաաետներ Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջոլղայեցին և Ստեփանոս Լեհացին: 1654-ին Փիլիպոս Աղբակեցին ձեռնարկում է տաճարի զանգակատան շինարարությունը, որն ավարտվում է 1658-ին՝ Հակոբ Դ Ջուղայեցու (1655-80) օրոք: Նրա ժամանակ կառուցվում է նաև նոր քանքան, ջրաղացներ, ստորերկրյա ջրուղի անցկացվում Քասաղից Է. ն ստեղծվում ոռոգման արհեստական լճակներ: 1694-ին, իշխան Աղամալ Շոռոթեցու միջոցներով, կառուցվում է Շողակաթ եկեղեցին, իսկ Աստվածատուր Ա Համադանցու (1715-25) օրոք Նաղաշ Հովնաթանը կատարում է Մայր տաճարի որմնանկարները: Պատկերազարդումներն ավարտել են նրա որդիները՝ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները Աբրահամ Գ Կրետացու (1734-1737) օրոք: Վերջինս հմուտ դիվանագիտությամբ կարողանում է ոչ միայն Է. զերծ պահել թուրք-պարսկական պատերազմի՝ Հայաստանում կատարող ավերումներից, այլև Նադիր շահի՝ Է. այցելության միջոցին (1735, հունիս) որոշ արտոնություններ ստանալ Է-ի համար: Ղազար Ա Ջահկեցու (1737-51) ժամանակ կառուցվում են Ղազարապատի հյուրանոցը (30-ից ավելի սենյակներով), պարտեզ, ջրավազան, բաղնիք, ախոռներ, գոմեր: Սիմեոն Ա Երևանցու (1763-80) օրոք, 1768-ին, հիմնովին վերակառուցվում է վանքի պարիսպը՝ 16 բոլորշի բուրգերով ու դիտանոցներով, կոփածո քարե հիմքով, վերին մասը՝ աղյուսով: Ուղղանկյուն պարիսպները (արմ-ից արլ. 275 մ երկարությամբ և հս-ից հվ. 235 մ լայնությամբ) 4 կողմերում ունեցել են կամարակապ 4 մեծ դռներ և ևս 6 դռներ՝ տարբեր կողմերում: Բուրգերը տեղադրվել են պարիսպների 4 անկյունագլուխներում և տեղ-տեղ՝ բոլոր կողմերում, որոնց շնորհիվ պարսպապատ վանքն ստացել է ամրոցի նմանություն: Պարիսպներին մերձակա տները քանդվել են և ավելի հեռվում՝ կառուցվել նորերը: Քաղաքի մեջ կառուցվել է մի այլ եկեղեցի: Նախկին իջևանատան (քարվանսարա) շենքը կանոնավոր շուկայի է վերածվել: 1763-ին հիմնվել է երկու վարժարան (ամռան ու ձմռան), որոնց ուսուցիչ-տեսուչ է նշանակվել Պետրոս Բերթումյանց (Աղամալյան) եպիսկոպոսը: Այդ վարժարանները, որոնք փաստորեն միայն բաժանմունքներ էին, այնուհետև հայտնի են «Էջմիածնի ժառանգավորաց դպրոց» անունով: 1771-ին Սիմեոն Երևանցին հիմնադրել է նաև Հայաստանում առաջին տպարանը (որտեղ 1772-ին լույս է տեսել Հայաստանում, հրատարակված առաջին գիրքը՝ իր իսկ «Գիրք աղօթից որ կոչի Զբօսարան հոգեւոր»ը), 1776-ին՝ առաջին թղթի գործարանը (թղթատուն): Է. է հրավիրել Հովնաթան Հովնաթանյանին, որը 1769-ից սկսում է Մայր տաճարի նոր պատկերազարդումը և ավարտում Ղուկաս Ա Կարնեցու(1780—99) օրոք: Վերջինս ավարտում է տաճարի հիմնական վերակառուցումը (տես Էջմիածնի Մայր տաճար): Հետագա աշխատանքները մասնակի բնույթ են կրել և չեն աղճատել տաճարի նախնական ձևն ու տեսքը: XVII-XVIII դդ. աշխուժանում է տնտ. ու առևտրական կյանքը: Է-ով է անցնում Թավրիզ—Երևան—Կարին կարավանային ճանապարհը: Էջմիածնեցի վաճառականները (նաև Է-ի վանքը, որն ուներ բամբակազտիչ արհեստանոց) արտահանում են բամբակ, գինի ևն: XIX դ. սկզբին Է. գտնվում էր ռուս-պարսկական պատերազմի (1804-13) առաջավոր գծում: Երբ 1804-ին պարսկ. թագաժառանգ Աբբաս-Միրզան բանակ է դնում Է-ի մոտ, և Երևանը պաշարած ռուս, զորքերի մեջ հիվանդություն է տարածվում, գեն. Ցիցիանովը թողնում է (սեպտ. 3) պաշարումը, մեկնում Է. և, հիվանդներին, վանքի միաբանների մի մասին ու որոշ արժեքավոր իրեր ու եկեղեցական սպասներ վերցնելով, տեղափոխվում Թիֆլիս (դրանց մի մասը վերադարձվում է պատերազմից հետո): 1806-ի սեպտեմբերին ռուս, զորքերը կրկին գրավում են Է., սակայն 1813-ի Գյուլիստանի պայմանագրով ստիպված նորից զիջում պարսիկներին: 1828-ին Է. Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին: Այդ իրադարձությունը կարևոր նշանակություն ունեցավ Է-ի հետագա զարգացման համար: Ազատվելով օտարերկրյա նվաճողների դարավոր բռնություններից՝ Է-ի բնակիչները հնարավորություն ստացան բարելավելու տնտ. ու հոգևոր-մշակութային կյանքը: Է-ում նոր վերելք սկսվեց, որը շարունակվեց ամբողջ XIX դ.: Է. աստիճանաբար ներգրավվեց ռուս, կառավարման ու մշակութային-տնտեսական կյանքի ոլորտը, սակայն մնաց վանքապատկան և ռուս, կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչեց միաբանության իրավունքներն Է-ի վրա: Չնայած XIX դ. կեսից Է. դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառավարում են կաթողիկոսարանն ու միաբանությունը՝ սինոդի հետ մեկտեղ: XIX դ. առաջին կեսին Է-ում նշանակալից աշխատանքներ կատարվեցին հատկապես Եփրեմ Ա Ձորագեղցի (1809—30), Հովհաննես Ը Կարբեցի (1831—42) և Ներսես և Աշտարակեցի (1843-57) կաթողիկոսների օրոք: 1833-ին կանգնեցվեց հուշարձան՝ նվիրված 1827-ի Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին, 1837-ից սկսեց գործել դեռևս 1808-ին կազմավորված սինոդը, 1847-ին սկսվեց Ներսիսյան ձկնաբույծ լճակի (քարե եզրերով, 160 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ) շինարարությունը, հոգ տարվեց քաղաքը խմելու ջրով ապահովելու մասին, վերակառուցվեց շուկան, է-ում և շրջակայքում տնկվեցին բյուրավոր ծառեր՝ թթենիներ (շերամաբուծության համար), կաղամախիներ, ուռենիներ ևն: 1847-ին Ներսես Աշտարակեցին ընդլայնեց (50 աշակերտի համար) իր իսկ հիմնած (1813) վարժարանը: Առանձնապես հատկանշական է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու (1866—82) ժամանակաշրջանը: 1868-ի մայիսին լույս տեսավ Հայաստանում աոաջին պարբերականի՝ «Արարատ» ամսագրի առաջին համարը: 1769-ի մայիսի 25-ին հիմնադրվեց Հայաստանում առաջին և միակ բարձրագույն հոգևոր հաստատությունը՝ Գևորգյան ճեմարանը ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան. բացումը կատարվեց 1874-ի սեպտ. 28-ին, դասերն սկսվեցին սեպտ. 30-ին՝ 60 աշակերտով (1882-ին հին ժառանգավորաց վարժարանը միավորվեց ճեմարանի հետ) Ճեմարանին կից կառուցվեցին ննջարաններ, հիվանդանոց և օժանդակ այլ շինություններ: Նույն՝ 1869-ին հիմնադրվեց էջմիածնի թանգարանը: Կարգավորվեց տպարանը, ընդ լայնվեց գրատուն-մատենադարանը, 1879-ին բացվեց նրա ընթերցարանը: 1889-ին կառուցվեց տպարանի նոր շենքը, նորոգումներ ու մասնակի փոփոխություններ կատարվեցին վանքում ու շրջակայքում, իսկ Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ, 1892—1907) օրոք վանքում անց կացվեց (աննշան չափով) էլեկտրական լուսավորություն: XIX դ. վերջից Է. դարձավ հայ մշակույթի կարևոր կենտրոններից: Է. հրավիրվեցին մշակույթի ու գիտության մի շարք գործիչներ՝ դասավանդելու Գեորգյան ճեմարանում կամ աշխատելու Մատենադարանում ու «Արարատ»ի խմբագրությունում, Է-ում ապրում ու գործում էին՝ Կոմիտասը Հ. Հովհաննիսյանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը, Ե. Թադևոսյանը, Գ. Տեր-Մկրտչյանը, Գ. Հովսեփյանը և ուրիշներ: Մշակութային կյանքի վերելքին զուգընթաց աճեց բնակչությունը (1909-ին Է. ուներ 3422 բն.), աշխուժացավ քաղ. կյանքը, Է. դարձավ Հայաստանի ս.դ. կենտրոններից մեկը: Սակայն Է-ի զարգացումը խաթարվեց սկսված հայ-թուրքական կռիվներով: Է. վերածվեց պատերազմի արհավիրքներից տուժած հայ գաղթականության հավաքատեղիի: Դարեր շարունակ Է. եղել է պետականությունից զրկված, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի ազգային-քաղաքական կենտրոնը: Օտար և ներքին իշխողներն ու իշխանությունները հաճախ Է-ի հոգևոր պետերի հետ են կարգավորել ու լուծել իրենց խնդիրները: Է-ից ելած որոշումները ժողովրդի բոլոր խավերի (անկախ նրանց գտնվելու վայրից) համար, որպես կանոն, օրենքի ուժ են ունեցել: Է. բազմիցս եղել է ազատագրական շարժման կենտրոն (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677), իրեն է ձգել ազատագրական շարժման բազմաթիվ գործիչների (Էմին Հովսեփ, Մովսես Բաղրամյան, Եգոր Խուբով ևն), իսկ 1918-ին, Թուրքիայի հարձակման ժամանակ, Է-ի բազմաթիվ աշխարհազորայիններ, մտավորականներ ու հոգևորականներ մասնակցում էին Սարդարապատի ճակատամարտին: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց (1920) հետո Է-ի զարգացումն ընթանում է ծրագրված ու կազմակերպված: Այն ընդգրկում է տնտեսության ու մշակութային բոլոր ոլորտները: Սովետական իշխանության առաջին օրերից Է. դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտրոնը: Է. սկսում է ապրել նոր կյանքով: Միջոցներ են ձեռնարկվում բարելավելու Է-ում հավաքված բազմահազար գաղթականների վիճակը: Նրանց մի մասը մշտապես հաստատվում է Է-ում: Շինարարական-տնտեսական և կրթական-մշակութային աշխույժ եռուզեռ է սկսվում: Կառուցվում են տներ, արհեստանոցներ, բացվում դպրոցներ, ակումբներ, Մատենադարանը վերածվում է Նյութական մշակույթի ինստ-ի (1921) և դրվում գիտ. հասարակայնության տրամադրության տակ: 1944-ից հրատարակվում է Հայրապետական Աթոռի «Էջմիածին» ամսագիրը, 1945-ին՝ բացվում Էջմիածնի հոգևոր ճեմարանը: 1950-60-ական թվականներից, ճարտ. նոր կառույցներին զուգընթաց, ուշադրություն է դարձվում նաև հների բարեկարգմանը, նորոգվում են Հռփսիմեի տաճարը, Գայանե եկեղեցին, բարեկարգվում Զվարթնոցի շրջակայքը: Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի նախաձեռնությամբ մեծ շինարարություն է ծավալվել Է-ի վանքում: Կառուցվել է նոր վեհարան, կանգնեցվել Մեծ եղեռնի գոհերի հիշատակին նվիրված հուշարձան, վերականգնվել Մայր տաճարի որմնանկարները: Դարավոր կառուցումներից ու վերակառուցումներից հետո 1960-ական թթ. վերջին վերջնականապես ամբողջականացավ Է-ի վանքի համալիրը, որն այժմ ոչ միայն Է-ի ճարտ. գլխավոր անսամբլներից, այլև հայ ճարտարապետության գոհարներից է: V դարից ի վեր Է. եղել է ոչ միայն հայ ժողովրդի նշանավոր ուխտատեղի, այլև մշակույթի հին ու նոր կոթողներով գրավել է այլազգի գիտնականների, գրողների, բանաստեղծների, պետ. ու քաղ. գործիչների և ճանապարհորդների ուշադրությունը: Տարբեր ժամանակներում Է. են այցելել Հ. Մարթինը, Ժ. Թավերնիեն, Ժ. Շարդենը, Ֆ. Պարրոտը, Հ. Էինչը, Ն. Մառը, Մ. Գորկին, Ա. Նովելլոն և ուրիշներ: Է. այժմ էլ ՍՍՀՄ նշանավոր տեսարժան վայրերից է: Է. Երևանի արմ. դարպասն է և քաղաք-արբանյակը: Պատկերազարդումը տես 96-րդ էջից հետո՝ ներդիրում:

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909: Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904: О րմանյան Մ., Ազգապատում, մաս 1-3, ԿՊ—Երուսաղեմ, 1912—27: Շահխաթունյան Հ., Ստորագրություն կաթողիկե էջ միածնի և հինգ գավառացն Արարատա, հ.1—2, էջմիածին, 1842: Էփրիկյան Ս., Ս. Էջմիածին 303—1903, Վնտ., 1903: Բաստամյանց Վ., Նկարագրություն Մայր եկեղեցվոյն Հայոց Ս. էջմիածնի, Վաղ-պատ, 1877 (հայ և ռուս): Քալանթար Ա., Հին Վաղարշապատի պեղումները, Ե., 1935: Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XIII դարերում, հ. 1—2, Ե., 1958—64: Ջ. Հարությունյան