Jump to content

ՀՍՀ/ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 1441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 1441, Վաղարշապատի ազգային ժողով, հրավիրվել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու նպատակով: Պատմա-քաղաքական դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնական աթոռանիստ Վաղարշապատը և տեղից-տեղ փոխադրվել: 1105-ից այն հաստատվել էր Կիլիկիայում: Վերջինում հայկ. իշխանությունների առկայության պայմաններում Հայոց կաթողիկոսությունը համեմատաբար կարողանում էր կատարել հոգևոր-եկեղեցական բարձրագույն իշխանության իր դերը: Սակայն Կիլիկյան հայկ. պետության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունը կորցրել էր քաղ. հենարանը, իսկ կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների դեմ մղած դարավոր պայքարի և Կիլիկիայում հայ բնակչության հետզհետե նոսրացման պատճառներով՝ քայքայվել նաև տնտեսապես: Ծանր էր վիճակը և հոգևոր-մշակութային կյանքում: Դրությունն ավելի վատթարացավ 1426-ից հետո, երբ Կիլիկյան վերջին հայ իշխանավոր Կոստանդին Ասեցին թողեց Սիսը և բազմահազար արտագաղթողների հետ ապաստանեց Կիպրոսում: Քաղ. ու տնտ. այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությունը անզոր էր օտար երկրներում գոյացած հայկ. գաղութների հետ մշտական մշակութային կապեր հաստատելու, ուսումնական կենտրոններ ստեղծելու և Հայրենիքից տարասփյուռ զանգվածներին ազգային ավանդույթներով շաղկապելու գործում: Մեկուսանալով Կիլիկիայում, այն կտրվել էր բնաշխարհի ժողովրդից, նրա համար կորցրել քաղ. ու կրոն, երբեմնի կենտրոնի նշանակությունը: Նկատի ունենալով այդ հանգամանքները՝ հայ հասարակական-քաղաքական, կրոնա-եկեղեցական ու մշակույթի առաջադեմ, գործիչները դեռևս XIII դ. վերջից ցանկանում էին Հայոց կաթողիկոսությունը տեղափոխել քաղաքականապես ու տնտեսապես ապահով վայր: Սակայն, որոշակի քայլեր ձեռնարկվեցին միայն XV դ. առաջին կեսին, երբ կարա-կոյունլու Ջհանշահի տիրապետության (1437—67) օրոք համեմատաբար խաղաղություն էր տիրում երկրի կենտրոնում՝ Այրարատում: Հայ աշխարհիկ ու հոգևոր գործիչները միջոցներ ձեռնարկեցին Հայոց կաթողիկոսությունը վերահաստատելու իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամրապնդելու նպատակով՝ Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431-ին, վաճառքի անվան տակ, Էջմիածնի վանքին է նվիրում 7 գյուղ: Ստանալով Ջհանշահի հավանությունը և նրա հանձնարարությամբ՝ Երեվանի ամիրա Յաղուբ-բեկի աջակցությունը, Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ին սկսում են նախապատրաստել Վաղարշապատի ժողովը: Նամակներ են հղում և ստանում հայ հոգեոր ու աշխարհիկ խոշոր գործիչների համաձայնությունը: Ստացվում է նաև Կիլիկիայի 4 թեմակալ եպիսկոպոսների գրավոր համաձայնությունը: Միաժամանակ, 1440-ի վերջին Սսի կաթողիկոսարանից անհայտանում է Գրիգոր Լուսավորչի Աջը, որով հեշտանում է կաթողիկոսական աթոռի տեղափոխության հարցը (Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում պարտադիր է Գրիգոր Լուսավորչի Աջի առկայությունը): 1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին շրջաբերական հրավիրագրեր է հղում հոգևոր-եկեղեցական, հասարակական-քաղաքական ու մշակույթի նշանավոր գործիչներին՝ Էջմիածնում կայանալիք ժողովին մասնակցելու: Է. ա. ժ. նշանակված էր Տատկից (1441-ին՝ ապրիլի 16) հետո: Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվում են Երևանում և մեծ հանդեսով մեկնում Վաղարշապատ: Մայիսի երկրորդ կեսին տեղի է ունենում Է. ա. ժ., որին մասնակցում են ավելի քան 300 մարդ, այդ թվում հանվանե՝ 4 արքեպիսկոպոս, 12 եպիսկոպոս, 21 վարդապետ, ինչպես նաև այլ հոգևորականներ, տանուտերեր, ձեռնավորներ և հասարակ ժողովրդի ներկայացուցիչներ: Է. ա. Ժ-ի որոշումներին նախօրոք գրավոր համաձայնություն էին տվել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարցին, 7 եպիսկոպոսներ և 16 վարդապետներ: Իր համաձայնությունն էր տվել նաև Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը: Հրավիրված էր և Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցը, որը թեպետ մերժել էր հրավերը, սակայն արգելք չէր հարուցել: Այսպիսով, Է. ա. ժ-ում պատվիրակներ կային Այրարատի, Գուգարքի, Ուտիքի, Արցախի, Սյունիքի, Վասպուրականի, Պարսկահայքի, Մոկքի, Աղձնիքի, Տուրուբերանի, Բարձր Հայքի, ինչպես և Կիլիկիայի գավառների մեծ մասից ու բոլոր խոշոր վանքերից: Է. ա. ժ. կրել է համազգային բնույթ և ընթացել հայ եկեղեցական կանոնների հիման վրա՝ օրինականության ու վավերականության սահմաններում: Քանի որ Գրիգոր Մուսաբեկյանցը հրաժարվել էր ներկայանալ Է. ա. ժ-ին և վերաօծվել կաթողիկոս, ապա առաջադրվել են ուրիշ թեկնածուներ (Զաքարիա Հավուցթառեցի, Հովհաննես Հերմոնեցի, Զաքարիա Աղթամարցի, Գրիգոր Արտազեցի), սակայն, հավանաբար կողմերի հավասար քվեների պատճառով, կաթողիկոս է ընտրվել չեզոք անձ՝ Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի Մ. Հակոբ վանքի առաջնորդ Կիրակոս վարդապետ Վիրապեցին: Ենթադրվում է, որ կաթողիկոսական օծումը (տես Կիրակոս Ավիրապեցի) տեղի է ունեցել մայիսի 25-ին: Այսպիսով, դարավոր դեգերումներից հետո, Հայոց կաթողիկոսությունը Է. ա. ժ-ով վերահաստատվեց Վաղարշապատ Էջմիածնում, որը ազգային-պատմական խոշոր իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում (տես նաև՝ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց): Է. ա. ժ-ից որոշ ժամանակ հետո (հավանաբար 1441-ի վերջին) հայտաբերվեց նաև Գրիգոր Լուսավորչի Աջը և վերահաստատվեց Էջմիածնում, որով վավերականացվեց կաթողիկոսական գահակալությունը Վաղարշապատում:

Գրկ. Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, Թիֆլիս, 1892: О րմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: Հովսեփյան Գ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղ-պատ, 1914: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 1,Ե., 1969: Զ. Հարությունյան