Jump to content

ՀՍՀ/ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑ, կրթական օշախ: Հիմնադրվել է IV դ. սկգբին՝ Գրիգոր Լուսավորչի օրոք՝ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով: V դ. սկգբին Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վաղարշապատում աշակերտներ են հավաքել հայ գրի տարածողներ ու թարգմանիչներ պատրաստելու համար: Վեր է ածվել մայր վարժարանի և ժամանակի բարձրագույն կրթարանի, որտեղ հիմք է դրվել նաև գրչության արվեստին: Մեսրոպ Մաշտոցին հաջորդել են Եզնիկը, Աղան Արծրունին: Ավանդվել են կրոնական գիտություններ, հայոց լեզու, քերականություն, վարքագրություն, գրչության արվեստ, ճարտասանություն, երաժշտություն, տրամաբանություն: V դ. վերջին դպրոցը կաթողիկոսարանի հետ փոխադրվել է Դվին և այլ վայրեր կաթողիկոսական աթոռի տեղափոխությունների հետ: 1441-ին կաթողիկոսական աթոռը վերահաստատվել է Էջմիածնում, բացվել է վարդապետարան, որի կազմակերպիչը և ուսուցիչը Թովմա Մեծոփեցին էր: Անբարենպաստ պայմանների պատճառով դպրոցը երկու տարի հետո փակվել է: 1640-ին Էջմիածնում Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ բացվել է նոր դպրոց՝ Վարդապետարան անունով, որը որոշ ընդմիջումներով գոյություն է ունեցել մոտ երկու և կես դար, հետագայում հայտնի դառնալով «Էջմիածնի ժառանգավորաց դպրոց» անունով: Ուսուցանել են Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Առաքել Դավրիժեցին և ուրիշներ: Բացի կրոնական գիտություններից և հայոց լեզվից ավանդվել են փիլիսոփայություն, դասական գրականություն, տրամաբանություն, քերականություն: Է. դ. կրկին հայտնի է դարձել Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք (1763-1780): 1813-ին Ներսես Աշտարակեցին կառուցել է դպրոցի նոր շենք (50 աշակերտի համար) և աշխատելու հրավիրել Պ. Դարադաղցուն, որին աշակերտել են Մ. Թաղիադյանը (1832-34-ին դասավանդել է նույն դպրոցում) և Խ. Աբովյանը: Տարբեր տարիներին այնտեղ դասավանդել են Մ. Պատկանյանը, բժիշկ Կ. Վասակյանը, Կ. Շահնազարյանը և ուրիշներ: 1836-ից մտցվել է ռուսաց լեզու, իսկ 1860-ական թթ. լատիներեն, ֆրանսերեն, հայոց պատմություն, բնական պատմություն: XIX դարից հետո Է. դ. նկատելի վերելք չի ունեցել: Աշակերտների թիվը տատանվել է 20-50-ի միջև, գործել է 2-4 դասարան՝ տարրական դպրոցի մակարդակով: Գևորգյան ճեմարանի բացվելուց հետո էական դեր չի կատարել, 1882-ին ձուլվել է ճեմարանին՝ որպես նախապատրաստական բաժանմունք:

Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946: Սանթրոսյան Մ., Արևելահայ դպրոցը XIX դ. առաջին կեսին, Ե., 1964: Վ. Երկանյան