ՀՍՀ/ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆ
ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆ, հիմնադրվել է 1771-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի ջանքերով և Գ. Խոջաջանյանցի (Չաքիկյան) միջոցներով: Պատկանել է Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Տպարանի երախայրիքը համարվում է Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից որ կոչի Ջբօսարան հոգեւոր» (1772) գրքույկը: XVIII դ. տպագրված գրքերից է Հովսեփոս Եբրայեցու «Յաղագս պատերազմին հրեից ընդ հռովմայեցիս»ը (1787): XIX դ. առաջին տասնամյակներում անընդմեջ պատերազմների պատճառով տպագրվել է միայն «Սաղմոս»ը (1819): Է. տ. բարգավաճել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո: 1833-46-ին հրատարակել է 18 անուն գիրք, այդ թվում՝ Հ. Շահխաթունյանցի «Ստորագրութիւն Կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» (1842), Կ. Շահնազարյանցի «Արհեստ թուաբանութեան (1842), Ի. Կայդանովի «Հրահանգ համաշխարհական պատմութեան» (1844) ևն: Է. տ. նոր վերելք է ապրել Գևորգ Դ կաթողիկոսի ժամանակ (1866): «Արարատ» ամսագրի, «Ճառոց»ի, «Ձայնագրեալ շարական»ի, «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոց պատարագի» աշխատություններին զուգահեռ հրատարակել է պատմա-բանասիրական, գրական երկեր՝ Աբրահամ Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին Պարսից» (1870), Ուխտանեսի «Պատմութիւն Հայոց» (1871), Ս. Շահումյանցի «Ընտիր պատմութիւն Դաւիթ-Բեգին և պատերազմացն հայոց Խափանու» (1871), Սիմեոն Երևանցու «Ջամբռը» (1873), Աբել Մխիթարյանցի «Վաղարշապատ, քաղաքամայր Հայաստանի» (1874), Մխիթար Գոշի «Դատաստանագիրք հայոց» (1880), Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» (1884) ևն: 1889-ին կառուցվել է տպարանի նոր շենքը, համալրվել տառաձուլական, տպագրական նոր մեքենաներով, հարստացվել տարբեր լեզուների տառատեսակներով: 1895-ին Պետերբուրգում մասնակցել է I համաոուսաստանյան ցուցահանդեսին և արժանացել գովասանքի: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Է. տ. լույս է ընծայել Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ» (1899), «Աշխարհաբարի քերականություն» (1906), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912), Հ. Մանանդյանի և Հ. Աճառյանի «Հայոց նոր վկաները» (1903), Կոմիտասի և Աբեղյանի «Հազար ու մի խաղ» (1905) ևն աշխատությունները: Սովետական Հայաստանի կառավարության 1920 թ. դեկտ. 17-ի դեկրետով Է. տ. հանձնվել է Լուսժողկոմատի տնօրինությանը: 1961-ին Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ ու ամերիկահայերի նվիրատվությամբ ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով Մայր աթոռի նոր տպարանը:
Գրկ. Սմբատյան Ա., էջմիածնի միաբանության գրական-կրթական գործունեությունը և Մայր աթոռի տպարանը, էջմիածին, 1973: Հ. Դավթյան
