ՀՍՀ/ԷՍՊԵՐԱՆՏՈ
ԷՍՊԵՐԱՆՏՈ (esperer—հուսալ), արհեստական միջազգային օժանդակ լեզու: Հորինել է L. Զամենհոֆը: Առաջին ձեռնարկը լույս է տեսել 1887-ին (Վարշավա): Է-ով ստեղծվում է գրականություն, հրատարակվում են գրքեր, ամսագրեր, թարգմանական բառարաններ ևն: Է-ով զբաղվել են նաև հայերը (Օհանջանյան U., «Էսպերանտո» միջազգային լեզուն և նրանից սպասելիք մեծ օգուտները», 1909, Սևակ Գ., «Ձեռնարկ էսպերանտո միջազգային լեզվի», 1930): Է-ի այբուբենը լատինագիր է, բաղկացած 28 տառից: Մի քանիսն ունեն հնչյունատարբերիչ նշան: Գրությունը հետևում է հնչյունական սկզբունքին: Շեշտը վերջընթեր վանկում է: Բառապաշարի հենքը միջազգային ճանաչում ստացած բառերն են: Քերականական կառուցվածքը մասնիկավոր է՝ օժանդակ բառերի առատ գործածությամբ: Յուրաքանչյուր խոսքի մաս, կարգ հանդես է գալիս իր ցուցիչով: Ունի որոշիչ հոդ, հոգնակիի վերջավորություն, երկու հոլով: Անվանական սեռի քերականական տարբերակում չկա: Բայը դիմաթվային փոփոխության չի ենթարկվում: Կան սահմանական, պայմանական, հրամայական եղանակներ, երեք (ներկա, անցյալ, ապառնի) ժամանակ, դերբայական ձևեր: 1905-ին հիմնադրվել է էսպերանտոյի համաշխարհային ակադեմիան (նախապես կոչվել է «Լեզվական հանձնաժողով»), որի անդամներից է Գ. Սևակը (1932-ից):
Հ. Պետրոսյան
