ՀՍՀ/ԷՍՏԱՖԵՏ
ԷՍՏԱՖԵՏ (ֆրանս. estafette, իտալ. staffetta), սպորտային մրցաձև. թիմի մարզիկները հերթականորեն հաղթահարում են միևնույն կամ տարբեր երկարության հատվածների (փուլերի) բաժանված տարածությունը, լիուլի վերջում ընկերոջը փոխանցելով Է-ային փայտիկը (ձիասպորտում՝ ճիպոտը, առագաստային սպորտում՝ փայտյա լողանը ևն): Ըստ բովանդակության Է. լինում է հասարակ, երբ Է-ի բոլոր փուլերում ընդգրկված է միևնույն մարզաձևը (օրինակ վազք 4 X 100 մ՝ 4 մարզիկ, յուրաքանչյուր փուլի երկարությունը 100 մ և համակցված, որտեղ ընդգրկված է մեկ մարզաձևի տեղաշարժման եղանակը (օրինակ, 4 Х 100 մ լող՝ ուր առաջին փուլը թիկնալողն է, երկրորդը՝ բրաս կրծքի վրա, երրորդը բատերֆլայ, չորրորդը՝ ազատ ոճ) ու տարբեր մարզաձևեր (օրինակ, տարբեր փուլերը հաղթահարում են վազորդներ, հեծանվորդներ, մոտոցիկլիստներ ևն): Ըստ փուլերի դասավորության Է. լինում է շրջանաձև, հանդիպակաց և գծային:
