ՀՍՀ/ԷՐԵԲՈՒՆԻ
ԷՐԵԲՈՒՆԻ, ուրարտական քաղաք: Հիմնադրվել է մ. թ. ա. 782-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք, այժմյան Երևանի հվ-արլ. մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները: 1950-ին հայտնաբերվեց Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին. «Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեց, անվանեց էրեբունի, Բիայնիլիի հզորության, թշնամիներին ի սարսափ: Արգիշտին ասում է՝ հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր: Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավոր Բիայնիլիի, տերը Տուշպա քաղաքի»: Համանման մի արձանագրություն Արգիշտին թողել է նաև Տուշպայում (Վան), որից պարզվում է, որ նա Խաթե և Ծուպանի երկրներից Է. է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր: Է. ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հս. սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար: Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Է-ի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտ., քաղ. ու մշակութային կենտրոնն էր: Է-ի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտ., քաղ. և ռազմ, հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում: Քաղաքաշինական առումով է., ինչպես և ուրարտ. քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք: Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը: Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ: Է-ի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ, հվ-արլ. հատվածում կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին: Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս: Երբեմնի 10-12 մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6 մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները: Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտ.: Է-ի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են: Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները: Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի Փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով: Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության: Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ: Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում Է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»: Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ: Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր: Պալատի ամենամեծ դահլիճը (12,0 մ Х 30.0 մ), որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար: Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ: Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին: Է-ի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտ. արվեստի նշանավոր ստեղծագործություններից է: Մ. թ. ա. VI դ. Ուրարտուն, Մարաստանի հարվածների տակ, հեռացավ պատմության թատերաբեմից՝ տեղը զիջելով կազմավորվող հայ ժողովրդին: Սակայն իրանական էքսպանսիան իր մեծապետական ձգտումներով արմատապես հեղաշրջեց երկրի պատմական ճակատագիրը: Է. այդ շրջանում, ինչպես և նվաճված մյուս երկրների մի շարք քաղաքներ դարձան աքեմենյան Իրանի սատրապության կենտրոններից մեկը: Այս է պատճառը, որ Է-ում հայտնաբերվել են Աքեմենյանների շինարարական գործունեության հետքեր, ուրարտ. շենքերի հետագա կառուցապատման, ինչպես և նրանց վերակառուցման միջոցով: Այդ վերակառուցումների ընթացքում տեղի է ունեցել ուրարտ. շենքերի ներքին տարածական հորինվածքների թեմատիկ բովանդակության փոփոխություն: Այդպիսով, Է-ում վերակառուցվել է Խալդիի տաճարը, որի 12-սյունանոց արտաքին սյունասրահին կցվել է 18 սյունանոց սրահ, և ստեղծվել աքեմենյան 30-սյունանոց դահլիճ՝ «ապաղան» կառույցը, որը, ինչպես և Իրանում, ծառայել է պաշտոնական ընդունելությունների, հանդիսավոր արարողությունների և հանդեսների համար: Է-ում Աքեմենյանների մյուս կառույցները պաշտամունքային շենքերն են՝ կրակի մեծ ու փոքր տաճարները: Կրակի մեծ տաճարը ստեղծվել է պալատի պերիստիլ բակի և «Սուսիի» տաճարի վերակառուցման հիման վրա: Աքեմենյանները ոչ թե սոսկ հարմարվել են գոյություն ունեցող կառույցներին, այլ դրանք հիմնովին վերափոխել են՝ ստեղծելով թեմատիկ նոր մտահղացմամբ ճարտ. շենքեր: Այսպես, օրինակ, այնտեղ, ուր պաշտվում էր ուրարտ. Իուբշա աստվածը, նրան փոխարինել է Ահուրամազդան: Կրակի մյուս տաճարը նոր կառուցված շենք է՝ բաղկացած երեք սենյակից: Մեծ սենյակի կամ դահլիճի ներսում հայտնաբերվել են երեք որմնախորշեր՝ իրենց նստարաններով: ինչպես որմնախորշերը, այնպես էլ բոլոր դռները ավարտվում էին երկկենտրոն կամարներով, որոնք այդ հորինվածքի ամենահին օրինակներն են Հայաստանում: Է-ում հայտնաբերված աքեմենյան կառույցները համապատասխանում են Իրանի դասական ճարտ. ձևերին, իսկ այդ նույն շենքերի շինարարական տեխնիկան գալիս է տեղական ավանդույթներից: Այսպիսով Է. Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանդիպելով հանզուցվում են երկու հինավուրց մշակույթներ՝ ուրարտ. և աքեմենյան-իրանական: Մյուս կողմից Է-ի կառույցները հայկ. դասական ճարտ. կարեվոր ու հիմնական ելակետ են հանդիսացել: Է-ի հնագիտական հետազոտությունները պարզորոշ ցույց տվեցին, որ նրանում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով Էրեբունի, Երևա, Երևան: 1968-ին հանդիսավորապես տոնվեց է.Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Պատկերազարդումը տես 88—89-րդ էջերի միջև՝ ներդիրում:
Գրկ. տես Արին-բերդ հոդվածի գրականությունը: Կ. Հովհաննիսյան
