ՀՍՀ/ԷՐԶՐՈՒՄ
ԷՐԶՐՈՒՄ, Կարին, Կարնո քաղաք, Թեոդուպոլիս, Թեոդոսուպոլիս, Արզրում, քաղաք Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի համանուն վիլայեթի (սկզբում նաև սերասկյարության, իսկ այժմ՝ սանջակի) վարչական կենտրոնը: Գտնվում է Էրզրումի դաշտի հվ-արլ. մասում, Եփրատ և Երասխ գետերի ակունքների մոտ, ծովի մակերևույթից մոտ 1960 մ բարձրության վրա: Հս. մասով հոսում է Եփրատ գետը, հվ-ում Գոհանամ, Այծպտկունք, Ս. Նշան լեռներն են: 1960-ին ուներ 91,196 բն.: Երկաթուղային կայարան է, խճուղիների հանգույց, օդանավակայան (9 կմ հեռավորության վրա): Գործում են սննդի, տեքստիլ արդյունաբերության, շոգեքարշերի ու վագոնների նորոգման ձեռնարկություններ: 1957-ին բացվել է Քեմալ Աթաթյուրքի անվ. համալսարանը՝ բանասիրական, գյուղատնտեսական և ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներով: Է. Հայաստանի հնազույն քաղաքներից է: Մ. թ. ա. III հազարամյակից Էրզրումի դաշտը բնակեցված է եղել երկրագործ-անասնապահ ցեղերով: Է. նախապես կոչվել է Կարին, որը, ըստ ենթադրության, ծագում է բնիկ կարենիտիս ցեղ-անունից: Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում Է. (Կարինը) եղել է հայկ. պետության կազմում որպես Կարինի գավառի կենտրոն, բայց 387-ին՝ Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը: 421-ին բյուզանդական Թեոդոսիոս II կայսրը, հաշվի առնելով Կարինի սահմանային կարևոր դիրքը, ամրացրել է քաղաքի պարիսպներն ու աշտարակները, կառուցել նոր բերդ: Քաղաքը վերանվանվեց Թեոդոսուպոլիս: V դարից Է. կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև: Բյուզանդական Անաստասիոս I (491—518) և Հուստինիանոս I (527—565) կայսրերը նորոգեցին և նոր ամրոցներ կառուցեցին: Հուստինիանոսը Է-ում կառուցեց նաև Ս. Աստվածածին եկեղեցին: VI դ. վերջերին պարսից Խոսրով թագավորը գրավեց Է., գերեվարեց հայ բնակիչներին և կաթողիկոսին: 628-ին Հերակլիոս կայսրը վերականգնեց ավերված պարիսպները: Նա փորձեց հայոց միաբնակ եկեղեցին մերձեցնել հուն, երկաբնակ եկեղեցուն: Այդ նպատակով հայոց կաթողիկոսի միջոցով եկեղեցական ժողով հրավիրեց, բայց հայերը մերժեցին միության առաջարկը: 647-ին արաբները գրավեցին Է., վերանվանեցին Կալիկալա: 752-ին բյուզանդական կայսր Կոստանդին V գրավեց Է. և մեծ թվով հայ արհեստավորներ և առևտրականներ բռնությամբ տեղափոխեց Կ. Պոլիս և արմ. գավառները: 885-ից հետո, Աշոտ Ա և Սմբատ Ա Բագրատունիների օրոք, ըստ արաբ մատենագիր Իբն-Հավկալի, Է. համարվում էր Հայոց թագավորության մեջ մտնող քաղաք, բայց արաբ կառավարիչները կիսանկախ էին և կապված խալիֆայության հետ: 949-ին Բյուզանդիան նորից գրավեց Է.: 1049-ին սելջուկները Տուդրիլի առաջնորդությամբ գրավեցին ու հիմնահատակ կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Է. ու այն կոչեցին Արծն: Եվ քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար կոչեցին Արզն-ար-Ռում (հուն. Արզն), որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում, Արզրում: 1071-ին սելջուկները գրավեցին նաև Է.: 1206—07-ին հայ-վրաց. միացյալ զորքերը, պարտության մատնելով Իկոնիայի սուլթանի զորքերին, ազատագրեցին քաղաքը: Սի քանի տարի անց սելջուկները վերագրավեցին այն: 1242-ին, երկամսյա պաշարումից հետո, մոնղ. զորքերը ավերեցին քաղաքը: XV դարում Է-ին հաջորդաբար տիրել են Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերը: 1480-ին Է. նվաճեցին պարսիկները, իսկ 1514-ին գրավեց օսմանյան սուլթան Սելիմ I: XIX—XX դդ. ռուս, զորքերը երեք անգամ գրավել են Է. և նորից վերադարձրել Թուրքիային: 1829-ի հունիսի 27-ին ռուս, զորքերը գեն. Պասկևիչի հրամանատարությամբ առանց կռվի մտան է.: Քաղաքի հայ բնակիչներին հաջողվել էր համոզել սերասկյարին՝ քաղաքը հանձնել առանց դիմադրության: Ռուս, զորքերը մոտ մեկ տարի մնացին Է-ում: Քաղաքը և գավառը կառավարելու համար ստեղծվեց ժամանակավոր վարչություն գեն. Պանկրատովի գլխավորությամբ: Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով (2 սեպտ. 1829) Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի թվում Է. վերադարձվեց Թուրքիային: Պայմանագրի 13-րդ հոդվածով, Է-ի 20 հզ. հայ բնակիչներ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ, 1830-ի մայիս-հունիս ամիսներին գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալքալաքում, Ախալցխայում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և այլուր: Գաղթականներն իրենց հետ տարան քաղաքի և գավառի վանքերի ու եկեղեցիների խաչեր, սրբապատկերներ, եկեղեցական մատյաններ (այդ թվում՝ 62 արծաթապատ Ավետարան) և այլ զարդեր (13 բեռնասայլով), որոնք հետագայում տեղադրվեցին Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցում: Երկրորդ անգամ՝ 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ռուս, զորքերը գեն. Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ առանց կռվի մտան Է.: 1878-ի փետր. 19-ին Սան Ստեֆանոյի պայմանագրով Է. նորից վերադարձվեց Թուրքիային: Սեպտ. 7-ին ռուս, զորքերը թողեցին քաղաքը: Նրանց հետ Է-ից և շրջակա գյուղերից հեռացավ մոտ 2000 հայ ընտանիք՝ բնակություն հաստատելով Արևելյան Հայաստանում և Վրաստանում: 1916-ի փետր. 16-ին ռուս. զորքերը, հայ կամավորների օգնությամբ, երրորդ անգամ գրավեցին Է.: 1917-ի դեկտ. 5-ին Երզնկայում զինադադար կնքվեց ռուս-թուրքական ռազմաճակատում: Սակայն երիտթուրքական կառավարությունը, օգտվելով ռազմաճակատի կազմալուծումից և Անդրկովկասյան սեյմի դավաճանությունից, 1918-ի սկզբին անցավ հակահարձակման: Հայկ. բանակը, որը փոքրաթիվ էր և թույլ, ի զորու չեղավ միայնակ դիմագրավելու թուրքերին: 1918-ի Փետր. 18-ին Է. ժամանեց Անդրանիկն իր կամավորներով: Սակայն ռուսների հեռանալուց հետո քաղաքի պաշտպանությունը ջլատվել էր, ուժ չկար դիմադրելու Վեհիբ Փաշայի 25 հզ-անոց զորքին: Ստեղծված ծանր պայմաններում Անդրանիկին հաջողվեց մեծ դժվարությամբ էվակուացնել եղեռնից փրկված և Է-ում ապաստանած մոտ 25 հզ. հայերի: Փետր. 26-ին Վեհիբ Փաշայի զորքերը գրավեցին է.: XX դ. վերջին քաղաքը բաղկացած էր միջնաբերդից, բերդից և արվարձաններից: Միջնաբերդը (թուրք. «Իջկալե») կառուցված էր քաղաքի կենտրոնում, բլրի վրա՝ շրջապատված բարձր պարիսպներով ու աշտարակներով: Միջնաբերդի հվ. մասում է Թեփսի մինարեն, որն իր բարձրության շնորհիվ դիտարան է ծառայել: Արլ. մասում էր գտնվում Չիֆտե մինարե մզկիթի և ճեմարանի շենքը, որը կառուցվել է 962-ին: ԷԷ-ի ճարտ. նշանավոր հուշարձաններից է Ուլուջամի մզկիթը: Այն կառուցել են հույները, որպես դիվանատուն կամ մատենադարան, որը 1178-ին սելջուկ-թուրքերը վերածել են մզկիթի: Բերդի պարիսպների և աշտարակների մեծ մասը քանդվել է 1859-ի երկրաշարժի ժամանակ: Պարիսպներն ունեին չորս դուռ՝ Երզնկայի, Թավրիզի, Ախալցխայի և Վրաց: Այս դռների ու պարիսպների պատերին կային հայերեն, հուն, և արաբ, արձանագրություններ: Է-ի հայոց եկեղեցիներից նշանավոր էր U. Աստվածածինը (կառուցվել է 1840-ին, ավելի հին եկեղեցու տեղում), որը կառուցված էր միաքար գլանաձև 20 սյուների վրա, ուներ 24 մեծ, 15 փոքր կլոր պատուհան, երեք կամարաձև խորան, երկու ավանդատուն, երեք դուռ: Հայ կաթոլիկ և բողոքական համայնքներն ունեին մեկական եկեղեցի: Է. մինչև 1915-ը հայ լուսավորչականների և կաթոլիկների հոգևոր թեմերի առաջնորդարանների կենտրոնն էր: Է. բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք: XVIII—XX դդ. ուներ մոտ 100 հզ. խառը բնակչություն (թուրքեր, հայեր, հույներ): Այն մինչև 1914-ը Արևմտյան Հայաստանի արհեստագործության և տարանցիկ առևտրի նշանավոր կենտրոն էր, առևտրական սերտ կապեր ուներ Կ. Պոլսի, Տրապիզոնի, Թիֆլիսի, Թավրիզի հետ: Է-ով էր անցնում եվրոպական երկրներից Պարսկաստան տանող առևտրական մայրուղին: Հայերը գլխավորապես զբաղվում էին արհեստներով և առևտրով: Է-ում հաշվվում էր մոտ 3000 արհեստանոց, խանութ ու կրպակ, որոնց կեսը պատկանում էր հայերին: Ամեն արհեստ ուներ իր փողոցը, որը կոչվում էր տվյալ արհեստի անունով: Է-ում զարգանում էր նաև հայ մշակութային կյանքը: XIX դ. և XX դ. սկզբին կային մի քանի վարժարաններ, զանազան բարեգործական ընկերություններ: Հայոց ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը 1811-ին հիմնադրել է Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, Ս. Աստվածածին եկեղեցու զավթում: Վարժարանը նախապես ուներ երկու դասասենյակ, բայց հետագայում վերակառուցվեց և ընդլայնվեց անվանվելով Արծնյան (պատմական Արծնի անունով): 1909-ին այդ վարժարանն ուներ 334 աշակերտ: Նշանավոր էին Սանասարյան (1881), Հռիփսիմյան օրիորդաց (բացվել է 1870-ին, 291 աշակերտուհի), Ասրյան (1889-ին, 104 երկսեռ աշակերտ), Տեր-Ազարյան (1870-ին, 195 երկսեռ աշակերտ), Գավաֆ-յան (1905-ին, 271 երկսեռ աշակերտ), Աղապալյան (230 երկսեռ աշակերտ) վարժարանները: Դպրոցներ ունեին նաև հայ կաթոլիկ, բողոքական, ամերիկյան մայրապետների կրոնական համայնքները: 1909-ին հայկ. դպրոցների աշակերտների թիվը հասնում էր 2630-ի: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Է-ում գործում էին մանկապարտեզներ (Արծնյան, Մսրյան, Տեր-Ազարյան վարժարաններին կից): Է. հայ գրչության նշանավոր կենտրոն էր, որտեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագրեր: 1909-ին լույս են տեսել «Փարոս», 1909—14-ին՝ «Հառաջ» շաբաթաթերթերը: Վարժարանների աշակերտների և թատերասերների ջանքերով տրվել են ներկայացումներ: Սանասարյան և Արծնյան վարժարաններն ունեին գրադարան-ընթերցարաններ: XIX—XX դդ. կային կրթական, ուսումնական և բարեգործական ընկերություններ ու միություններ: 1881-ի մայիսին երիզագործ Խաչատուր Կերեքցյանը Է-ում հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց»ը: Հայերի տնտ. և մշակութային գործունեությունը խաթարվեց թուրք ջարդարարների կազմակերպած 1915-ի բռնագաղթով: Դեռ 1895—96-ին է-ում համիդյան կոտորածների զոհ դարձան 752 հայեր: 1914-ին էի 60 հզ. բնակչից 15 հզ. (2500 ընտանիք) հայեր էին: Բռնագաղթի ժամանակ հայերը տեղահանվեցին: Նրանց մեծ մասը դարձավ եղեռնի զոհ: 1930-ին Է-ում ապրում էր ընդամենը 250 հայ, մեծ մասամբ կանայք:
Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե, 1967: Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 1-3, ԿՊ, 1884—85: Քոսյան Հ., Բարձր Հայք, հ. 1, Վնն., 1925: Ծոցիկյան Մ. Մ., Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947: Չարըգ Ղ., Հուշամատյան Բարձր Հայքի, Կարինապատում, Բեյրութ, 1957: Տեր-Ղևոնդյան Ա. Ն., Կարին-Թեոդուպոլիսը ավանդության և պատմության մեջ,«ԼՀԳ», 1971, 3:
Մ. Դարբինյան
