Jump to content

ՀՍՀ/ԷՐՈԶԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷՐՈԶԻԱ (լատ. erosio—ողողում, մաշում, քայքայում), ջրային հոսքով ապարների քայքայման պրոցես: Գրավիտացիոն շարժումների (տեղաշարժերի) հետ միասին առաջացնում է հովիտներ, նպաստում ջրհավաք ավազանների մակերևույթի իջեցմանը: Է-ի պրոցեսն ընդգրկում է՝ ապարների մեխանիկական քայքայումը հոսքի ուժով, հունի հատակի հղկումն ու մաշումը ջրով և կարծր բեկորներով (կոռոզիա), ապարների քիմ. քայքայումը: Է. ուղիղ համեմատական է ջրի զանգվածի և հոսանքի արագության քառակուսու արտադրյալի կեսին: Լինում է մակերևութային, որն անձրևային և ձնհալի ջրերի քայքայիչ գործունեությունն է, և գծային, երբ ջրային հոսքը առաջացնում է փոսորակներ, հեղեղատներ և, ի վերջո, հովիտներ: Գծային Է. իր հերթին բաժանվում է՝ խորքայինի (ռեգրեսիվ, ընկրկող), որը, տարածվելով հոսանքն ի վեր, ստեղծում է հավասարակշռության երկայնակի պրոֆիլ, և կոդայինի, երբ հովտի հատակը լայնանում է գետապտույտների օգնությամբ: Արտասահմանյան գրականության մեջ Է. տերմինը կիրառվում է որպես դենուդացիայի հոմանիշ ընդհանրապես (Է. ձյան, էոլային, ծովի):