Jump to content

ՀՍՀ/ԸՄԲՇԱՄԱՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԸՄԲՇԱՄԱՐՏ, սպորտի ձև. մենամարտ երկու մարզիկների միջև՝ հատուկ սահմանված կանոններով: Ը-ի արվեստը հայտնի է շատ վաղուց, այն ընդգրկվել է Հին Հունաստանի օլիմպիական և հին հայկ. նավասարդյան խաղերի ծրագրում: Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդներն ունեն Ը-ի ազգային ձևեր: Հայաստանում հայտնի է կոխ անվանումով: Միջազգային ասպարեզում գոյություն ունի Ը-ի 4 հիմնական ձև՝ դասական (ոտքերով գործողություններն արգելված են, բռնելաձևերը թույլատրվում են միայն գոտկատեղից վերև), ազատ ոճ (բռնելաձևերն ու ոտքերով գործողությունները թույլատրվում են գոտկատեղից վեր և ցած), սամբո և ձյու-դո: Մրցումներն անցկացվում են 8 Х 8 մ չափերի գորգի վրա, որոշակի հասակային և քաշային կարգերով (դասական, ազատ ոճի և սամբո Ը-ում 10 քաշային կարգ, ձյու-դոյում՝ 5): Գոտեմարտի տևողությունը դասական և ազատ Ը-ում 9 րոպե է (3 X 3 X 3, մեկական րոպե հանգստով): Դասական և ազատ Ը-ում հաղթանակը տրվում է այն մարզիկին, որը հակառակորդի թիակները հպում է գորգին կամ որոշվում է միավորների ընդհանուր գումարով: Բժշկ. հսկողության պայմաններում Ը-ով թույլատրվում է զբաղվել 12 տարեկանից: 1921-ին ստեղծվել է սիրողական Ը-ի միջազգային ֆեդերացիա, 1959-ին՝ Ը-ի ՍՍՀՄ ֆեդերացիա: 1924-ից անցկացվում են դասական, 1945-ից՝ ազատ ոճի Ը-ի ՍՍՀՄ առաջնության մրցումներ: 1947-ից ՍՍՀՄ դասական ըմբիշները մասնակցում են Եվրոպայի առաջնության մրցումներին, 1952-ից՝ օլիմպիական խաղերին (դասական և ազատ ոճ), 1953-ից՝ աշխարհի առաջնությանը (դասական), իսկ 1954-ից՝ ազատ ոճի: Սովետական ըմբիշներից համաշխարհային հռչակ են վայելում Ի. Պոդդուբնին, Ի. Շեմյակինը, օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի չեմպիոն Ի. Կոտկասը, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ Գ. Կարտոզիան, Ա. Կոլեսովը, Ա. Իվանիցկին, Ա. Մեդվեդը, Ի. Բոգդանը, աշխարհի հնգակի չեմպիոն Ա. Ալիևը և ուրիշներ: Հայ ըմբիշներից հայտնի են աշխարհի չեմպիոններ Ա. Տերյանը, Գ. Շատվորյանր, Յու. Շահմուրադովը, Ա. Սայադովը, Ը-ի աշխարհի առաջնության գավաթակիրներ Գ. Սայադովը և Ն. Մուշեղյանը, Եվրոպայի չեմպիոն Ս. Աղամովը, ՍՍՀՄ բազմակի չեմպիոններ Ա. Յալթիրյանը, Ա. Կարապետյանը, Վ. Մաճկալյանը, Գ. Տեր-Մալաևը, Ս. Վարդանյանը, Վ. Արսենյանը, Վ. Հարությունյանը, Ժ. Ղազարյանը: