Jump to content

ՀՍՀ/ԸՄՊԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԸՄՊԱՆ, քորդավոր կենդանիների և մարդու մարսողական համակարգի վերին՝ գլխամերձ հատվածը, ձգվում է գանգի հիմքից մինչև պարանոցային 7-րդ ողի մակարդակը: Հասուն մարդու Ը-ի երկարությունը 12 սմ է, լայնությունը՝ 5 սմ: Կազմված է քթային, բերանային և կոկորդային հատվածներից: Քթային հատվածը կատարում է շնչառական ֆունկցիա: Ձվաձև երկու բացվածքով (խոաններով) հաղորդակցվում է քթի խոռոչի, իսկ կողմնային պատերի վրա գտնվող երկու փոքրիկ անցքերով (եվստախյան փողեր)՝ միջին ականջի թմբկախոռոչի հետ: Բերանային հատվածը կատարում է շնչառական և մարսողական ֆունկցիա: Բկանցքով հաղորդակցվում է բերանի խոռոչի, իսկ կոկորդային հատվածով՝ կոկորդի և որկորի հետ: Ը. ներսից պատված է լորձաթաղանթով: