Jump to content

ՀՍՀ/ԸՆԴԵՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԸՆԴԵՐՔ (լատ. viscera), ներքին օրգաններ, մարսողական, շնչառական, միզասեռական համակարգերի օրգանները, ինչպես նաև ներքին սեկրեցիայի գեղձերը, որոնք ամփոփված են մարմնի խոռոչներում: Կրծքի խոռոչում գտնվում են շնչափողը, կերակրափողը, խոռոչի կենտրոնում, դեպի ձախ՝ սիրտը, արյան խոշոր անոթները և թոքերը: Որովայնի խոռոչի վերին՝ կենտրոնական մասում ստամոքսն է, դրա ետևում՝ ենթաստամոքսային գեղձը: Ստամոքսից աջ տեղակայված է մարսողական համակարգի ամենամեծ գեղձը՝ լյարդը լեղապարկով, իսկ դեպի ձախ՝ փայծաղը: Որովայնի խոռոչի կենտրոնական հատվածը ամբողջապես գրավում են բարակ աղիքների գալարները՝ շրջապատված հաստ աղիքի վերել, հորիզոնական և վայրէջ հատվածներով: Կոնքի խոռոչի ետին հատվածում տեղակայված է ուղիղ աղիքը: Կանանց կոնքի խոռոչի կենտրոնական մասում արգանդն է, երկու արգանդափողերը, աջ ու ձախ ձվարանները, իսկ խոռոչի առաջային բաժնում, անմիջապես ցայլոսկրի ետևում՝ միզապարկը: Վերջինիս տակ՝ արական սեռի մոտ գտնվում է շագանակագեղձը, իսկ դրանից ետ ու վեր՝ զույգ սերմնաբշտերը: Որովայնի խոռոչի ետին պատի վրա, ողնաշարի աջ ու ձախ կողմերին երիկամներն են և դրանցից սկսվող զույգ միզածորանները: Որովայնի խոռոչի բոլոր օրգանները և խոռոչի պատերը ծածկված են շճային նուրբ թաղանթով՝ որովայնամզով: