ՀՍՀ/ԸՆԹԵՐՑՈՂ ՍԱՐՔ
ԸՆԹԵՐՑՈՂ ՍԱՐՔ, տպագիր կամ ձեռագիր տառեր, թվեր և այլ սիմվոլներ ճանաչող ու կոդավորող սարք: Ը. ս. միակն է, որ հնարավորություն է տալիս ինֆորմացիան ներածել մեքենա՝ առանց ինֆորմացիայի միջանկյալ կրողների (ծակոտաքարտ, ծակոտաժապավեն), որն արագացնում է ինֆորմացիայի ներածումը և բարձրացնում հուսալիությունը: Ը. ս-երը դասակարգվում են. ըստ ճանաչողության մեթոդների, ինքնասովորող՝ պերսեպտրոնների դաս և դետերմինացված՝ անփոփոխ ծրագրավորվածների դաս, ըստ ինֆորմացիան կրող նյութի՝ մագնիսական և օպտիկական, ըստ ընթերցվող սիմվոլների բազմության՝ ունիվերսալ (ընթերցում են տարբեր տեսակ այբուբեններ ու թվեր) և սահմանափակ (ընթերցում են խիստ որոշակի սիմվոլներ): Ը. ս. կիրառվում է ինֆորմացիան հաշվողական մեքենա ներածելիս, մեքենայական թարգմանության մեջ, բանկային գործողություններ կատարելու, ծրարներ տեսակավորելու, հեռագրեր հաղորդելու ժամանակ:
