ՀՍՀ/ԸՆԿԱԼՈՒՄ
ԸՆԿԱԼՈՒՄ (լատ. perceptio—պերցեպցիա), զգայական իմացության ձև: Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկեր: Ը. զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը: Ը. պասսիվ հայեցողություն չէ, այլ ակտիվ գործունեություն է: Հետազոտական գործողություններ կատարելով, անձը հոգեկանում ստեղծում է օբյեկտի նմանակը կամ մոդելը, որը սուբյեկտիվ է, բայց ճիշտ է արտացոլում իրականությունը: Ը. նաև ամբողջական և կառուցվածքային մոդել է: Ը. իմացության երկու մակարդակների՝ զգայական արտացոլման ու վերացական մտածողության յուրահատուկ կապող օղակն է: Ը. առարկայական է, այսինքն՝ Ը-ի պատկերին համապատասխանում է որոշակի օբյեկտ: Եթե այդպիսի օբյեկտ չկա, ուրեմն գործ ունենք հալյուցինացիայի հետ, իսկ եթե առարկաների հատկություններն աղճատված են ներկայանում, գործ ունենք պատրանքների (իլյուզիաների) հետ: Ը-ման պրոցեսի հոգեբանական մեխանիզմներն առավելապես ենթագիտակցական բնույթ ունեն, իսկ գիտակցվում են միմիայն դրանց արդյունքները՝ ամբողջական պատկերները: Կենսափորձի, գիտելիքների ազդեցությունը Ը-ման ակտուալ պրոցեսի վրա կոչվում է ապերցեպցիա: Ը-ի վրա մեծ է անձի դիրքորոշման ազդեցությունը, մանավանդ երբ անհրաժեշտ է ընկալել ու գնահատել մարդուն: Ապերցեպցիայի և դիրքորոշումների ազդեցության հետևանքով Ը. դառնում է ընտրողական (սելեկտիվ): Ը-ի կարևորագույն հատկություններից է կոնստանտությունը (տես Ընկալման կոնստանտություն):
Գրկ. Ընդհանուր հոգեբանություն, Ե., 1974: Արտամանով Ա. Դ., Տեսողության պատրանքներ, Ե., 1962: Ананьев Б. Т., Психология чувственного познания, М., I 960 Шехтер М.С., Психологические проблемы узнавания, М, 1967.
Ա.Նալչաջյան
