ՀՍՀ/ԸՍՏԿԱՐՅԱՆ
ԸՍՏԿԱՐՅԱՆ (Ըսկարյան, Esztegar) Վարդան (Աստվածատուր) Լասլոյի (3.8.1843, Գեռլա 15.6.1886, Տրիեստ), եկեղեցական-հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան: Նախնական ուսումն ստացել է Գեռլայի հայկ. դպրոցում: 1854-ից սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանական դպրոցում, 1862-ին ձեռնադրվել հոգևորական, ապա՝ նույն տեղում զբաղվել մանկավարժությամբ: Այնուհետև նշանակվել է նորընծաների վերակացու և միաբանության քարտուղար: 1884-ին ստացել է Սելիմբրիայի արքեպիսկոպոսի տիտղոսը և ընտրվել (հուլիս) Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր (մինչև մահը): Ը-ի օրոք վերաբացվել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, հաստատվել միաբանության սահմանադրությունը: Գրել է «Եկեղեցական պատմություն հանդերձ ազգային եկեղեցական պատմությամբ…» (հրտ. 1872), «Բառգիրք ֆրանսերեն-հայերեն-թուրքերեն» (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. К 9508):
