ՀՍՀ/Թ
Թ, հայերեն այբուբենի իններորդ տառը: Անունն է թո: Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մասում գտնվող լայն տարրերից: Այս կարգի տառախումբը կոչվում է կրկնահար: Հորիզոնական նուրբով երկարներն իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը իր երկու ծայրերից երկու փոքրիկ նուրբերով միանում է աջ երկարին՝ 13: Ունի բոլոր տառատեսակները: Գրչագիր Թ ստեղծվել է որպես գրչության գիր (V—VIII դդ.): Գրվում է երկու տողագծերի միջև և ուղղաձիգ՝ Թ, և աջ թեքված՝ Թ: Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագրի՝ կրկնապատկված առաջին երկարով: Երկաթագիր Թ ստեղծվել է գրչագրի հենքից, ընդ որում, երկարները և լայնը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբերով՝ Թ: Լայնի վերին նուրբը հետագայում ձգվում է դեպի աջ և խոնարհվում ցած՝ Թ: Իսկ որպես գլխագիր օգտագործվելիս կրկնապատկվում է առաջին երկարը և իջնում տողագծից՝ Թ: Գործածվել է որպես գրչության (V—Х դդ.) և վիմագրության (V դարից մինչև, այսօր) գիր: Բոլորգիր Թ ստեղծվել է գրչագրի հենքից որպես առօրյա գիր: Ամբողջությամբ նստում է տողագծի վրա, ներքև ձգելով առաջին երկարը՝ թե, քանի որ միջին մասի բոլորակով նույնպես նստում է տողագծի վրա, մտնում է բոլորգրի միջնածիր խմբի մեջ: Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված: XII—XIII դարերից դարձել է գրչության հիմնական գիր, իսկ XVI դարից միաժամանակ գործածվել որպես տպագրության գիր: Շղագիր Թ նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի՝ Թ: Նոտրգիր Թ առաջացել է շղագրից: Միջին բոլորակի փոխարեն հաճախ դրվում է աջ ձգված ուղիղ գիծ` Թ: Թ տառը նշանագրում է հայերենի առաջնալեզվային լեզվատամնային շփական շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում Թ միշտ պահպանում է իր հնչյունական արժեքը: Որոշ բարբառներում շնչեղ խուլ թ-ի փոխարեն հանդիպում ենք ապաշնչեղացած ու (թուղթ թուխտ, թաթախել թատախէլ): Հայերեն այբուբենի դ տառը նույնպես հաճախ արտասանվում է թ (տես Դ հոդվածը): Որպես այբուբենի իններորդ տառ նշանակել է ինը և իններորդ, բյուրի նշանով (Թ)՝ իննսուն հազար: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական ու դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Թ դար իններորդ դար. Գլուխ Թ Գլուխ իններորդ):
Ա. Մաթևոսյան
