Jump to content

ՀՍՀ/ԹԱԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԳ, 1. միանձնյա իշխանություն խորհրդանշող գլխանոց: Հանդիսավոր առիթներով կրում էին միապետները, բարձրագույն կրոնապետները, տեղական ինքնավար իշխանները, դքսերը, հերցոգները, կոմսերը: Պատրաստվել է թանկարժեք մետաղներից (հիմնականում՝ ոսկուց), դրվագանախշվել և զարդարվել անգին քարերով ու մարգարիտներով: Թ-երը լինում են կոնաձև, պսակաձև, փաթթոցաձև (խույր, ապարոշ), ճառագայթապսակ: Թ. գործածվել է դեռևս Հին Արեվելքում (Շումեր, Ասորեստան, Եգիպտոս, Պարսկաստան, Հայաստան ևն): Հայոց Տիգրան Բ Մեծ արքան (մ. թ. ա. 95—55) կրել է գլանաձև, ճառագայթապսակ՝ մարգարիտներով եզերված, հետեվից ու կողերից կախված ականակուռ վիժակով Թ.: Կողերին դրվագվել են արեգակ և արծիվներ: Այս ձևի Թ. հետագայում գործածել են նաև մերձավորարևելյան և Փոքրասիական թագավորները: Սկսած X դարից Թ. գործածել են Արևմտյան Եվրոպայում: Քրիստոնեական շրջանի շատ Թ-երի գագաթին ամրացվել է խաչ: Թ-երը հաճախ պատկերվել են գերբերի վրա: 2. Փոխաբերաբար Թ. են կոչվել նաև եկեղեցով ամուսնացող զույգի պսակավոր գլխանոցները:

Գրկ. Հացունի Վ., Պատմություն հին հայ տարազին, Վնտ., 1923: Լ. Պետրոսյան