ՀՍՀ/ԹԱԳԱՎՈՐ
ԹԱԳԱՎՈՐ, թագակիր իշխող, թագավորության գլուխը միապետական երկրներում, միապետի բարձրագույն (կայսրից հետո) տիտղոսը: Թ-ի իշխանությունը ցմահ է և ժառանգական: Արլ. բռնապետություններում (նաև արմ. որոշ երկրներում) Թ. ունեցել է անսահմանափակ, միահեծան իշխանություն և համարվել երկրի գերագույն տիրակալը: Նոր և նորագույն ժամանակներում Թ-ի իրավունքները սահմանափակվել են սահմանադրությամբ, իսկ որոշ երկրներում Թ. պահպանվել է լոկ որպես խորհրդանիշ: Հայ իրականությունում «Թագավոր Հայոց» էին կոչվում Հայաստանի և Կիլիկյան հայկ. պետության տիրակալները (Արտաշեսյանների և Արշակունիների օրոք Թ. մեծ մասամբ «արքա» է անվանվել): Թ-ի հռչակման արարողությունը՝ պսակադրումը, մեծ շուքով, իշխանների և ժողովրդի ներկայությամբ, կատարում էր թագադիր իշխանը (Բագրատունիների օրոք՝ Հայոց կաթողիկոսը): Օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ երկնային թագավոր, ոսկու թագավոր ևն: Թ. է կոչվում նաև նորափեսան: «Թ.» բառից է առաջացել կիլիկյան հայկ. արծաթ դրամի «թագվորին» անունը: Որպես անձնանուն (Թագվոր) օգտագործվում է XIII դարից: Ա. Տեր-Ղևոնդյան
