ՀՍՀ/ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ
ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ, բրոնզեդարյան հնավայր Հայկական ՍՍՀ Կիրովական քաղաքի «Դիմաց» կոչվող բարձրադիր թաղամասում: Ոչ ծավալուն պեղումներ են կատարել Ե. Բայբուրդյանը (1938), Ե. Մոմջյանը (1949), է. Խանզադյանը (1959): Բացվել է բնական բլրի վրա կառուցված բնակատեղի, իսկ նրանից հվ-արլ. ընդարձակ դամբարանադաշտ: Գտնվել են բրոնզե զենքեր (դաշույններ, նիզակի ծայրեր, նետասլաքներ), զարդեր (ապարանջաններ, ագատից, սարդիոնից, մածուկից ուլունքներ), վանակատից ու ոսկրից պատրաստված գործիքներ, սև կամ դեղնակարմրաերանգ, կոպիտ, անփայլ և փայլեցված, մեծ մասամբ երկրաչափական նախշերով զարդարված կավե ամաններ (կճուճներ, քրեղաններ, լայնաբերան ամաններ ևն): Հնավայրը դեռևս լավ ուսումնասիրված չէ: Թ-ից գտնված նյութերը պահվում են Կիրովականի երկրագիտական, մասամբ նաև՝ Հայաստանի պատմության պետ. թանգարաններում:
Գրկ. Խանզադյան է., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ. թ. ա. III հազարամյակում, Ե., 1967, էջ 20 21: Հ. Մնացականյան
