ՀՍՀ/ԹԱԳՈՐ
ԹԱԳՈՐ Ռաբինդրանաթ (Թակուր Ռոբինդրոնաթ, 7.5.1861, Կալկաթա—7.8.1941, Կալկաթա), հնդիկ գրող: Գրել է բենգալերենով: Սովորել է Կալկաթայում, ապա՝ Լոնդոնի համալսարանում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Իրիկնային երգեր»ը, լույս է տեսել 1882-ին: 1905-ին, Բենգալիայում ազգային-ագատագրական շարժման վերելքի ժամանակ, Թ. դարձել է այդ շարժման ղեկավարներից մեկը, գրել հայրենասիրական երգեր, այդ թվում և «իմ ոսկի Բենգալիա»ն՝ այժմ Բանգլադեշի հանրապետության ազգային հիմնը: «Գորա» (1907—10, հայերեն հրտ. 1959) վեպում Թ. հնդիկներին կոչ է արել միավորվել և պայքարել ազատագրության համար: «Զոհաբերության երգեր» (կամ «Գիթան-ջալի», 1912-ին անգլերեն է թարգմանել Թ., հայերեն հրտ. 1954) արձակ բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է նոբելյան մրցանակի (1913): «Տուն և աշխարհ» (1915—16, հայերեն հրտ. 1931) վեպը նվիրված է ժողովրդա-ազատագրական շարժմանը: 1930-ին այցելել է ՍՍՀՄ: «Նամակներ Ռուսաստանի մասին» (1931) ակնարկաշարում բարձր է գնահատել սովետական պետության խաղաղասիրական քաղաքականությունը: Այնուհետև հրատարակել է «Չորս մաս» (1934) վեպը, «Տերևներ» (1936), «Եզրին» (1938), «Իրիկնային լուսատու» (1938): «Վերածնվածը» (1940) բանաստեղծությունների ժողովածուները: «ժողովրդի հոգին» (1911) բանաստեղծությունը դարձել է Հնդկաստանի ազգային հիմնը: Թ-ի ստեղծագործությունները հայերեն թարգմանվել են 1913-ից
Երկ. Մահիկը, Թ., 1916: Պարտիզպանը, Ե., 1961: Հնդկական պատմվածքներ, Ե., 1961, էջ 3-105: Соч., т. 1-12, М., 1961-1965.
Գրկ. Մաքսապետյան Մ., Ռաբինդրանաթ Թագորը հայ գրական մտքի գնահատմամբ, Ե., 1975: Гнатюг-Даиильчук А. П., Рабиндранат Тагор. Критико биографический очерк. М., 1961.
