Jump to content

ՀՍՀ/ԹԱԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, 1. Գազերում էլեկտրական պարպման ձևերից մեկը, որը կոչում են նաև պսակային պարպում: 2. Պսակային պարպման ժամանակ հաղորդալարը կամ մետաղական սայրը շրջապատող լուսավոր տիրույթ: Թ. է. առաջանում է այն դեպքում, երբ մթնոլորտային ճնշման տակ գազում տեղադրված էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական դաշտը շատ է անհամասեռ՝ էլեկտրոդներից մեկի փոքր շառավիղ ունենալու հետևանքով: Պարպման ժամանակ առաջացած գազի իոնացումը տեղի է ունենում սահմանափակ լուսավոր տիրույթում, որը շրջապատում է էլեկտրոդը և կոչվում թագային (պսակային) շերտ: Պարպման միջակայքի մնացած մթին մասում տեղի է ունենում միայն միևնույն նշանի իոնների շարժում դեպի երկրորդ էլեկտրոդը՝ նրա լիցքի նշանին համապատասխան: Ոչ լուսավոր տիրույթի միաբևեռ ծավալային լիցքը սահմանափակում է իրենով անցնող հոսանքը: Էլեկտրոդների միջև պոտենցիալների տարբերությունը մեծացնելիս պսակային շերտն ընդարձակվում է, մթին տիրույթը վերանում և տեղի է ունենում պարպման միջակայքի լրիվ ծակում՝ կայծային պարպման տեսքով: Թ. է. նկատվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում և հանգեցնում էներգիայի կորուստների, որը պետք է հաշվի առնել, երբ էլեկտրաէներգիան հաղորդվում է մեծ հեռավորությունների վրա: Թ. է. առանձնապես լավ է նկատվում բարձր հաճախականությունների դեպքում: