Jump to content

ՀՍՀ/ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Եղիշե Մարտիրոսի 12(24).9.1870, Վաղարշապատ—22.1. 1936, Թբիլիսի, թաղվել է Երևանում, հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1935): Սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879—1881), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881—85) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885—94, աշակերտել է Ն. Վ. Ներեին, Վ. Ե. Մակովսկուն, Վ. Դ. Պոլենովին): 1894—95-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել Մոսկվա, 1896-ին մասնակցել «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին: Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում 1898-ին «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավների համար արժանացել է երկու մրցանակի: 1898-ին Վ. Դ. Պոլենովի հետ ուղևորվել է Պաղեստին, իսկ այնուհետև, գրեթե ամեն տարի ճանապարհորդել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում (մինչև 1914-ը), Ռուսաստանում, Հայաստանում, ստեղծել ավարտուն աշխատանքներ, էտյուդներ: 1901-ից բնակվել է Թիֆլիսում, մասնակցել 1907-ին կազմակերպված «Իկար» գրական-գեղարվեստական խմբակցության, իսկ Ռուսաստանում՝ «Միր իսկուստվա»ի և Ռուս նկարիչների միության ցուցահանդեսներին: 1916-ին աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: 1921-ին Երևանում կազմակերպել է Հայ արվեստագետների միության ցուցահանդեսը, ակտիվորեն գործակցել Թիֆլիսի «Հայարտան»ը: Եղել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից (1923): Թ. աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր մարզերում, զբաղվել է գրաֆիկայով, կիրառական արվեստով, ստեղծել խճանկարներ, մանրաքանդակներ, կատարել բեմանկարչական աշխատանքներ (Սոֆոկլեսի «Անտիգոնե», 1907, Վ. Ի. Ռեբիկովի «Տոնածառ», 1908, Սեն-Սանսի «Մամսոն և Դալի լա», 1927): Թ-ի առաջին իսկ գործերը վկայում են նրա խորը գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարողական մեծ կուլտուրան և դասական ավանդույթների հանդեպ ունեցած հավատարմությունը: 1890-ական թթ. նկարչի երփնագրում երևան է եկել մի կողմից մերձիմպրեսիոնիստական ազատ վրձնահարվածը, նկարի ավարտվածության ակադեմիական նորմերի անտեսումը՝ հօգուտ ընկալման թարմության ու անմիջականության, մյուս կողմից՝ հակումը դեպի դեկորատիվ ձևերն ու արտահայտչականությունը: Առաջինն աստիճանաբար զարգանալով 1900-ական թթ. սկզբին Թ-ին բնականորեն հանգեցրել է իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսա-օդային խնդիրների յուրացմանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ սուանտիւիզմի («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճարը և ամբոխը», 1909): Երկրորդը զարգացում չի ապրել, մնացել է որպես արտահայտչական գործոն («Նկարչի կնոջ դիմանկարը», 1903, «Իմ անուրջներից մեկը», 1905) և միայն դեկորատիվ բնույթի գործերում է քիչ թե շատ ամբողջականորեն դրսևորվել («Ջան գյուլում», 1907): Երբեմն մերձիմպրեսիոնիստական և դեկորատիվ հակումները համադրված ձևով են հանդես եկել («Գրիգոր Լուսավորչի տեսիլքը», 1901): Չնայած դրան Թ-ի արվեստը հեաապնդել է աշխարհի և երեվույթների ռեալիստական ճանաչողություն, ժանրային ընդգրկումով Թ-ի ստեղծագործությունը բազմակողմանի է ու հարուստ: Թեթև ու անբռնազբոս վրձնահարվածներով պատկերված օդառատ և լուսառատ բնանկարները խորապես բովանդակալից են. պահպանված է միջավայրի, առարկաների նյութականությունը: Երբեմն Թ-ի բնանկարները ներառնում են փոքր կամ մեծ սյուժեներ («Կոմիտասը էջմիածնի լճի ափին», 1893, «Մեր փողոցը Վաղարշապատում», 1931): Հայկական գեղանկարչության գոհարներ են Թ-ի բազմաթիվ էտյուդները, որոնցից շատերը կարելի է համարել մանրադիր պատկերներ: Թ. նաև փայլուն դիմանկարիչ էր. վաղ շրշանի գործերում («Ռ. Սուրենյանց», 1891) դրսևորված վարպետությունը նոր բարձրության է հասել «Ա. Շիրվանգադե» (1929), «Հ. Թումանյան»(1933) և «Կոմիտասը» (1935) կտավներում: Թ-ի արվեստում կենտրոնական տեղ են գրավում թնմատիկ-կոմպոզիցիոն պատկերները: Նկարչի հետաքրքրությունների կենտրոնում հայ գյուղն է, գեղջկական կերպարները, կենցաղը («Հովիվն ու ոչխարները», 1895, «Երկրպագություն խաչին», 1901,«Ինձորունեմխածածէ», 1930): Մի շարք գործերում վերարտադրել է հայկական կոտորածների ու պանդխտության հետ կապված դրվագներ («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896): Թ. պարբերաբար անդրադարձել է իր ժողովրդի անցյալին ու ավանդույթներին՝ ստեղծելով պատմա-նկարչական գործերի մի ստվար շարք («Հոգեհաց. Արտաշեսի մահը», 1910, «Տորք Անգեղ», 1910, «Արշակ և Փառանձեմ», 1921, «XI դարի հայ աղջիկ», 1.921): Հայրենասիրական զգացումներով են տոգորված Զվարթնոցը, Հռիփսիմեն, Հաղպատը, Գեղարդը, Սևանը, Երուսաղեմի հայկական վանքը և հին հայկական այլ հուշարձաններ պատկերող բազմաթիվ բնանկարներ: Պատմա-նկարչական ժանրում Թ. դիմել է հայ հին որմնանկարչության ու կիրառական արվեստի ավանդույթներին և ստեղծել բնույթով խորապես ազգային «Ջան գյուլում»ի (1907) և «Ասլան աղա»ի (1912) նման բարձրարվեստ ստեղծագործություններ: Նույն ժանրին են առնչվում կրոնական սյուժեներով կատարված գործերը («Սիսարի մահը», 1893): Առաջադեմ անհատին մերժող բուրժուական հասարակության քաղքենիական սահմանափակության դեմ բողոքի արտահայտություն է հոյակապ ու ցասկոտ «Հանճարը և ամբոխը» (1909), որին հետագայում ձայնակցել է «Քրիստոսը և Փարիսեցիները» (1919) գործը: Թ-ի մահվան կապակցությամբ նշանավոր նկարիչ և արվեստաբան Ի. Է. Գրաբարը գրել է. «Հայաստանը և նրա հետ մեկտեղ ողջ Սովետական Միությունը ի դեմս Թադևոսյանի կորցրեց եվրոպական մասշտաբի մի վարպետի»: Թ-ի աշխատանքները հիմնականում գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում, Էջմիածնի նրա մասնաճյուղում, ինչպես և Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա), Վ. Դերպենովի անվ. թանգարանում (Պոլենովկա): Պատկերազարդումը տես 97-րդ էջից առաջ՝ ներդիրում:

Գրկ. Եղիշե Թադևոսյանի էտյուդների ցուցահանդեսի կատալոգ, Ե., 1934: Դրամբյան Ռ. Գ, Եղիշե Թադեոսյան, Ե., 1955: Եղիշե Թադևոսյան (ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կատալոգ, Ե., 1975: Վ. Հարությունյան