ՀՍՀ/ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Հովհաննես Կարապետի (1.3.1889, Երևան—1974, Մոսկվա), հայ սովետական նկարիչ: Ուզբ. ՍՍՀ ժող. նկարիչ (1944), պրոֆեսոր: 1909-16-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտ. ուսումնարանում: 1912-ին Մոսկվայում կազմակերպել է անհատական ցուցահանդես: 1914-15-ին ստեղծագործել է Երևանում («Կարավանատան ուղտերը», «Հին կրպակներ»), 1916—22-ին՝ Ուզբեկստանում: 1922-ին նշանակվել է Երևանի գեղարվեստական ուսումնարանի վարիչ: Պատկերել է ուզբեկ ժողովրդի կենցաղը («Սեխի շուկա», 1916, «Կարավանատուն», «Մրգի տաղավար», 1929, «Խաղողահավաք», 1937, «Ուզբեկական բակ», 1958): 1966-ին Երևանում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը:
Գրկ. Մարտիկյան Ե., Հանդիպում քառասուն տարի հետո (Հ. Թադևոսյանի ցուցահանդեսը Երևանում), «ՍԱ», 1966, 5: Веймарн Б. В. и Черкасова Н. В., Искусство Советского Узбекистана, М., 1960.
Ե. Մարտիկյան
