ՀՍՀ/ԹԱԹԱՐՆԵՐ
ԹԱԹԱՐՆԵՐ, Թաթարական ԻՍՍՀ հիմնական բնակչությունը: «Թ.» անվանումը ծագում է VI—IX դդ. Բայկալից հվ-արլ. քոչած մոնղ. ցեղերի մեջ: XVI—XIX դդ. Թ. էին անվանում Ռուսական պետության ծայրամասերի մահմեդական ժողովուրդներին (ադրբեջանցիներ, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի ազգություններ ևն): Թյուրքալեզու ցեղերը Մերձուրալյան շրջաններ և Պովոլժիե են թափանցել III—IV դդ., հոների և այլ վաչկատուն ցեղերի արշավանքների, այնուհետև՝ V—VII դդ., թուրքական խաքանության տիրապետության ժամանակ: XV—XVI դդ. թյուրքալեզու ֆեոդալական պետությունների առաջացմամբ ձևավորվեցին առանձին թաթարական ազգություններ (Կազանի, Աստրախանի, Ղրիմի, Կասիմովյան Թ., միշարներ ևն): XIX—XX դդ. Թ-ի մեծ մասը մերձեցավ Միջին Պովոլժիեի խմբին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թ. ստացան ինքնավարություն (տես Թաթարական ԻՍՍՀ) և ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ: Թ-ի ընդհանուր թիվը ՍՍՀՄ-ում 5.931 հզ. է, Թաթարական ԻՍՍՀ-ում՝ 1.536 հզ. (1970): Հավատացյալ Թ. սուննի մահմեդականներ են, մասամբ՝ ուղղաառ քրիստոնյաներ:
