Jump to content

ՀՍՀ/ԹԱԹՈՒԼ ՎԱՆԱՆԴԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԹՈՒԼ, Թաթուլ Վանանդեցի (ծն. թ. անհտ.—1054), իշխան, զորավար: Ենթադրվում է, որ եղել է Կարսի թագավոր Գագիկ Աբասյանի (1029—65) սպարապետը: 1054-ին Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկներին Վանանդում հերոսական դիմադրություն է ցույց տրվել Գագիկի և Թ-ի ղեկավարությամբ: Կռվում աչքի ընկած Թ. գերվել է, որին Տուղրիլը խոստացել է ազատել, եթե ամիրա Արսուբանի վիրավորված որդին ապաքինվի: Թ. պատասխանել է՝ «… եթե իմ զարկածն է, չի ապրի»: Վիրավորի մահից հետո Թ. մահապատժի է ենթարկվել: Թ-ի այս պատասխանը դարձել է սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունն ընդգծող թևավոր արտահայտություն:

Գրկ. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971: