Jump to content

ՀՍՀ/ԹԱԻԼԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԻԼԱՆԴ (Thailand), Սիամ:

I. Ընդհանուր տեղեկություններ

Թ. պետություն է Հարավ-Արևելյան Ասիայում, Հնդկաչին և Մալակկա թերակղզիներում: Տարածությունը 514 հզ. Կմ 2 է, բնակչությունը՝ մոտ 43,5 մլն (1977): Մայրաքաղաքը՝ Բանգկոկ: Բաժանված է 71 վարչական շրջանի (չանգվատի):

II. Պետական կարգը

1976-ի հեղաշրջմամբ Թ-ում հռչակվել էր սահմանադրական միապետություն: 1977-ի հոկտեմբերի հեղաշրջումից հետո ստեղծվել է նոր քաղ. մարմին՝ ազգային քաղ. խորհրդի բյուրո՝ կառավարության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Թ-ում հռչակվել է նաև նոր ժամանակավոր սահմանադրություն, որը, ի տարբերություն հնի, պրեմիեր-մինիստրին օժտել է բացարձակ լիազորություններ՝ վտանգավոր իրավախախտումների գործերով քննություն ու կասկածյալների պատիժն արագացնելու առումով: Նա միաժամանակ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Թ-ի ժող. ժողովը (300—400 անգամ) օրինագծեր առաջադրելով իրավունք չունի: Նրա հիմնական լիազորությունն մշտական սահմանադրության նախագծի նախապատրաստումն է մինչև 1979-ի ապրիլի 30-ին նախատեսված համընդհանուր ընտրությունները:

III. Բնությունը

Ափագիծը մոտ 2500 կմ է: Տերիտորիայի կեսից ավելին ցածրադիր հարթություն է (այդ թվում և Մենամի դաշտավայրը): Հս-ում և արմ-ում ձգվում են Կհունտհան, Տանենտաունջի (բարձրությունը մինչև 2576 մ, Ինտխանոն լեռ), հվ-արլ-ում՝ Կրավան լեռները: Արլ-ում Կորատ ավազային սարավանդն է, որը դեպի արմ., հվ. և հս. աստիճանաբար բարձրանում է՝ առաջացնելով Դանգրեկ, Դոնգպխրայաֆայ (150—500 մ) և Ֆուֆան լեռները: Ունի անագի, կապարի, վոլֆրամի, ցինկի, ծարիրի, սպաթի, բարիտի, երկաթի և մարգանեցի հանքեր: Սիամի ծոցի ծանծաղուտային շրջանում հայտնաբերվել է նավթ: Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային: Միջին ջերմաստիճանը հարթավայրերում և նախալեռներում տատանվում է 22°C-ից մինչև 29°C: Տարեկան տեղումները 1000—2000 մմ են (լեռներում՝ մինչև 3000, տեղ-տեղ ավելի): Խոշոր գետերն են Մենամ-Չաո-Պրայան (Մենամ) և Մեկոնգը: Սնումը անձրևային է: Խոշոր լիճը Թխալելուանգն է Մալակկայում: Բնորոշ կենդանիներն են՝ գիբոն կապիկը. փիղը, վագրը, ընձառյուծը:

IV.Բնակչությունը

Թ. բազմազգ երկիր է: Բնակչության մոտ 3 4-ը կազմում են թաի լեզվով խոսող ժողովուրդները՝ սիամցիները կամ կխոնթաիները: Պաշտոնական լեզուն թաիերենն է, դավանանքը՝ բուդդայականությունը: Քաղաքային բնակչությունը մոտ 15 է (1970): Խոշոր քաղաքներն են Բանգկոկը, Տխոնբուրին, Չիանգմայը:

V.Պատմական ակնարկ

Մարդը Թ-ում բնակվել է հին քարի դարից: Մ. թ. ա. վերջին դարերում և մ. թ. սկզբին Մենամ գետի հովտի հվ-ում և Սիամի ծոցի առափնյա մասում բնակվել են մոները, որոնց մի մասին XI դ, սկզբից նվաճեց Կհմերական կայսրությունը: Կհմերների և մոների մշակույթը մեծ ազդեցություն ունեցավ XIII դ. Մենամի հովտում բնակություն հաստատած թաի ցեղերի մշակույթի ձևավորման վրա: XIII դ. թաիները ստեղծեցին Սոլկոթաի պետությունը: XIV դ. ձևավորված Սիամ պետությունն ընդգրկեց նաև Սուկոթաին և իր ազդեցությանը ենթարկեց Կամպուչիան (Կամբոջան): XVI—XVIII դդ. եվրոպացիները Թ-ում հիմնեցին առևտրաավաններ (ֆակտորիաներ): Եվրոպական երկրների նվաճողական քաղաքականությունը կասեցնելու նպատակով XVII դ. վերջին Սիամը: Փակ հայտարարվեց, վերացվեցին եվրոպացիների առևտրաավանները: XVIII դ. սկզբին Սիամը փոփոխակի հաջողությամբ պատերազմեց Վիետնամի դեմ՝ Կամբոջային Լաոսին տիրելու համար: 1770-ական թթ. Սիամն իր ազդեցությանը ենթարկեց Լաոսը: XIX դ. անիրավահավասար պայմանագրեր կնքվեցին Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ: 1896-ին Սիամը բաժանվեց անգլ. և ֆրանս. ազդեցության գոտիների: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Սիամում ուժեղացավ ազգային համախմբման ընթացքը: 1920-ական թթ. սիամցի ուսանողները արտասահմանում ստեղծեցին հակամիապետական խմբակներ, 1928-ին առաջացան մարքսիզմի պրոպագանդման խմբակներ: 1932-ին հակամիապետականների կատարած պետ. հեղաշրջումից հետո սահմանափակվեց բացարձակ միապետությունը, ստեղծվեց պառլամենտ: 1936-ին անվավեր համարվեցին անիրավահավասար պայմանագրերը: 1939-ին Սիամը վերանվանվեց Թ.: 1941-ի մարտի 12-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Թ-ի և ՍՍՀՄ-ի միջև: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939—45) Ճապոնիայի օկուպացրած Թ. պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: 1942-ի նոյեմբերին ստեղծվեց Թ-ի կոմկուսը: 1946-ի հունվ. 1-ին դաշնակից պետությունների հետ կնքվեց հաշտության պայմանագիր: 1946-ի դեկտեմբերին Սիամի (այդպես էր երկիրն անվանվում 1945-ի սեպտեմբեր—1948-ի օգոստոս) և ՍՍՀՄ-ի միջև ձեռք բերվեց դեսպանների փոխանակման պայմանավորվածություն: 1947-ի նոյեմբերին հետադեմ սպայությունը զինվորական հեղաշրջում կատարեց, կոմկուսն անցավ ընդհատակ: 1954-ին Թ. դարձավ ՍԵԱՏՕ-ի անդամ: 1957-ի պետ. նոր հեղաշրջումից հետո պառլամենտը արձակվեց, արգելվեցին քաղ. կուսակցությունները և արհմիությունները: 1961-ին կոմկուսի նախաձեռնությամբ ստեղծվեց դիկտատուրայի դեմ պայքարի միասնական ճակատ: 1962-ին ԱՄՆ-ի հետ ստորագրած դեկլարացիայից հետո, Թ-ում տեղաբաշխվեցին ամերիկյան զորքեր, ստեղծվեցին ամերիկյան ռազմ, բազաներ: Թ. մասնակցեց Վիետնամի դեմ ԱՄՆ-ի ռազմ, գործողություններին: Վախենալով պառլամենտում օպոզիցիայի ուժեղացումից, 1971-ի նոյեմբերին զինվորական ղեկավարությունը հեղաշրջում կատարեց, մտցվեց ռազմ, դրություն, վերացվեց սահմանադրությունը: 1973-ի հոկտեմբերին հակակառավարական խոշոր ելույթների ազդեցության տակ ռազմ, դիկտատուրան տապալվեց: 1974-ին իրականացվեցին բուրժուա-դեմոկրատական մի շարք վերափոխումներ: 1974—76-ին շարժում սկսվեց Թ-ում գտնվող ամերիկյան ռազմ. բազաները վերացնելու և ամերիկյան զորքերը դուրս բերելու համար: 1976-ի հունիսին վերացան ամերիկյան վերջին ռազմ. բազաները (Ուտապաոն և Ռամասունը): Սակայն Սենի Պրամոթի կառավարությունը ԱՄՆ-ին թույլատրեց լքված բազաների «սահմանափակ օգտագործում», որն առաջ բերեց Թ-ի հասարակայնության վճռական բողոքը: 1976-ի հոկտ. 6-ին տեղի ունեցավ պետ. հեղաշրջում, կառավարությունը տապալվեց և երկրում մտցվեց ռազմ. դրություն:

VI. Քաղաքական կուսակցությունները

1976-ի ամռանը Թ-ում կար 59 քաղ. կուսակցություն: Գլխավոր կուսակցություններն էին. Դեմոկրատական կուսակցությունը, Թաիի ազգային կուսակցությունը և Սոցիալական արդարության կուսակցությունը (որոնք 1976-ի ապրիլի 21 —հոկտ. 6-ին ստեղծեցին կառավարող կոալիցիա), Սոցիալիստական կուսակցություն. Միացյալ սոցիալիստական ճակատ, Տնտեսական կուսակցություն և «Նորաժ» կուսակցություն: Թաիլանդի կոմունիստական կուսակցություն (ԹԿԿ), ստեղծվել է 1942-ին (բացի 1946—47-ից), գործում է ընդհատակում: 1976-ի հոկտեմբերին Թ-ում իշխանությունը գրաված զինվորական խունտան արձակեց բոլոր քաղ. կուսակցությունները:

VII. Տնտեսա-աշխարհագրական ակնարկ

Թ. զարգացող ագրարային-ինդուստրիալ երկիր է: Օտարերկրյա կապիտալը գերակշռող դիրք ունի անագի արդյունահանության, թանկարժեք փայտանյութի վերամշակման, պլանտացիոն տնտեսության մեջ, բանկային գործում և տրանսպորտում: Բնակչության հիմնական մասը զբաղված է գյուղատնտեսության, անտառտնտեսության ե ձկնորսության մեջ: Հողերի մեծ մասը ֆեոդալա-կալվածատիրական սեփականություն է: Կան կապիտալիստական պլանտացիոն տնտեսություններ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է 15,9 մլն հա (1971) հողատարածություն (24 ը ոռոգելի), որի մեծ մասը հատկացված է հացահատիկի, հատկապես բրնձի 7,7 մլն հա (1974) մշակմանը: 1976-ին ստացվել է 14,7 մլն ա բրինձ: Մշակում են նաև եգիպտացորեն, կորեկազգիներ, սորգո, լոբազգիներ, բատատ, մանիոկա, գետնընկույզ, կանեփ, քնշութ, շաքարեղեգ, կոկոսյան արմավ, թեյ, սուրճ, բամբակ, ծխախոտ, ցիտրուսային կուլտուրաներ: Կան կաուչուկի պլանտացիաներ (360 հզ. տ, 1976): Արդյունաբերությունը (ներառյալ նաև տնայնագործական արտադրությունը) տալիս է ազգային եկամտի մոտ 20 ը: 1976-ին արդյունահանվել է 20,2 հզ. տ անագի կոնցենտրատ, 3,8 հզ. ա վոլֆրամի հանքաքար, երկաթի հանքաքար, ծարիր, մարգանեց, կապար, ցինկ, գորշածուխ ե լիգնիտ, սպաթ, բարիտ, ասբեստ, կերակրի աղ, թանկարժեք քարեր, նավթ: Վերամշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ սննդհամի, ծխախոտի, անտառասղոցման, ցեմենտի, բամբակեղենի: Կան մետաղամշակման, նավթավերամշակման, ռետինի արդյունաբերության ձեռնարկություններ: Տրանսպորտը: Հաղորդակցության հիմնական ուղիներն են Մենամ գետը և ծովը: Խոշոր նավահանգիստներն են Բանգկոկը և Սոնգկհլան: Երկաթուղիների երկարությունը 3855 կմ է (1976), ավտոճանապարհներինը՝ 18,5 հզ. կմ: Դոնգ-Միանգում (Բանգկոկի մոտ) և Խատիայում կան միջագգային օդանավակայաններ: Արտաքին առևտրում ներմուծման արժեքը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը: Առևտրի հիմնական գործընկերներն են Ճապոնիան, ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան: Սկսել են զարգանալ Թ-ի առևտրական կապերը սոցիալիստական երկրների հետ: Դրամական միավորը բատն է: 20,4 բատը 1 դոլլարի (1976):

VIII. Առողջապահությունը

1972-ին Թ-ում ծնունդը 1000 բնակչին կազմել է 32,8, մահացությունը՝ 7,7, մանկական մահացությունը 24,4՝ 1000 ոդշ ծնվածին: Առավել տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները: 1972-ին գործել է 533 հիվանդանոցային հիմնարկ՝ 43 հզ. մահճակալով, այդ թվում 40,5 հզ. մահճակալ՝ 438 պետական հիմնարկներում: Ամբուլատոր օգնություն ցույց են տալիս հիվանդանոցների 130 պոլիկլինիկային բաժանմունք, 3,8 հզ. առողջապահական կենտրոն, բժշկական օգնության 5,9 հզ. կետ (1971), որոնք հիմնականում գտնվում են գյուղական վայրերում: 1971-ին աշխատել են 4,8 հզ. բժիշկ, 663 ստոմատոլոգ, 1,9 հզ. դեղագործ, 7,1 հզ. բուժքույր: Բժիշկներ պատրաստում են 4 բարձրագույն բժշկ. դպրոց: 1973-ի և առողջապահության ծախսերը կազմել են պետական բյուջեի 3 ը:

IX.Լուսավորությունը

Կրթական սիստեմն ունի հետևյալ կառուցվածքը, նախադպրոցական հիմնարկներ (4-7 տարեկան երեխաների համար), տարրական (7 տարեկանից, պարտադիր, ուս. տևողությունը 7 տարի), միջնակարգ հանրակրթական ակադեմիական դպրոցներ (ուս. տևողությունը 5 տարի): Կան մասնավոր շատ դպրոցներ: Ուսուցումը տարվում է թաի գրական լեզվով: Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա (2 տարի), միջնակարգ դպրոցի ուսուցիչներ՝ մանկավարժական ինստ-ները և համալսարանները: Բանգկոկն ունի 5 համալսարան, խոշորագույններն են Չուլալոնգկորնի (1917) և Տամասարտինը (1933): Համալսարաններ ունեն Չիանգմայը (1964), Կհոնկեն (1964), Սոնգկհլան (1964): Բանգկոկում է գտնվում Ազգային գրադարանը (հիմնվել է 1905-ին, ավելի քան 724 հզ. կտոր գիրք, շուրջ 144 հզ. ձեռագիր), Ազգային թանգարանը (1926):

X. Գիտական հիմնարկները

Կառավարությունը գիտ. Աշխատանքը կոորդինացնում է Կիրառական հետազոտությունների կորպորացիայի (հիմնվել է 1963-ին) միջոցով, որն ունի գյուղատնտեսության, Էկոլոգիայի և գիտահետազոտական այլ ինստ-ներ, ստանդարտացման, դոկումենտացման կենտրոններ, Ազգային հետազոտական խորհուրդ: Գիտահետազոտական կենտրոնները գործում են Բանգկոկի (Կասետսարտ) և Չիանգմայի համալսարաններին, ինչպես և Ասիական ռեգիոնալ տեխնոլոգիական ինստիտուտին (ՍԵԱՏՕ-ին ենթակա) կից: Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ ազգային տնտեսությունը, գյուղատնտեսության և անտառտնտեսության պրոբլեմները, ձկնորսությունը: Սիամի գիտական ընկերությունը խոշորագայնն է երկրում (հիմնվել է 1904-ին):

XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե 0 սությունը

1975-ին լույս էր տեսնում ավելի քան 70 թերթ: Թաի երեն գլխավոր թերթերն են՝ «Թաի րատ», «Սիենգ անգտոն», «Պիմ տաի», «Սիամ րատ», «Լակ-միանգ», «Պրա-չատիպատայ», «Սիամ նիկոն»: Չինարեն լույս տեսնող 30 թերթերից գլխավորներն են՝ «Սինսյան ժիբաո», «Ցզին խուա ժիբաո», «Չժունխուա ժիբաո», «Շիցզե ժիբաո», անգլերեն՝ «Բանգկոկ պոստ» («Bangkok Post»), «Բանգկոկ ուորլդ» («Bangkok World»), «Նեյշն» («Nation»): Ռադիոհաղորդումներ տրվում են 1938-ից (ամենամեծ ռադիոկայանը «Ասիայի ձայն»ն է), հեռուստահաղորդումներ՝ 1955-ից:

XII. Գրականությունը

Թաիական գրականության առաջին հուշարձանները վերաբերում են XIII դ.: Առավել վաղը «Ռամա Կամխենդի քարա կոթողը» (1292) արձանագրական հուշարձանն է: Միջնադարյան դասական գրականությունը, հատկապես վաղ շրջանի, իր բնույթով հիմնականում գովաբանական-կրոնական էր, ձևով՝ չափածո: Զարգացած էր քնարերգությունը, որի ներկայացուցիչներն են Սիպրատը, Մահարաթ-չաքրուն (երկուսն Էլ՝ XVII դ. 2-րդ կեսին) և Թամմաաիբեթը (1732—55): XVIH դ. վերջերին սկսվել է անցումը կրոնական թեմայից աշխարհիկին: Ստեղծվել են առաջին արձակ գործերը: 1932-ի պետ. հեղաշրջումից հետո թաիական գրականությունում արմատավորվեց ռեալիգմը, տիրապետող ժանր դարձավ արձակը (պատմվածք, նովել, վեպ), ընդ որում հիմնական ուղղությունը նախապես նատուրալիզմն էր (Դոկմայսոտ, Կո Սուրանգկանանգ, Սոա Կունմարոխիտ, ծն. 1904, Մալայ Չուպինիտ, 1906—63), հետագայում՝ սոցիալ-ռեալիզմը (Սիբուրապա, 1905—74, Լաո Կամխոմ, ծն. 1930, Աչին Պանչապան, ծն. 1927, Սենի Սաու-վապոնգ, ծն. 1918, Իտսարա Ամանտա-էուն, 1920—69):

XIII. Ճարտարապետությունը և կերպարվեստը

Մ. թ. առաջին դարերում Թ-ի տարածքում զարգացել է մոների և կհմերների արվեստը (տաճարներ, բուդդայի՝ նուրբ մանրամասներով զանգվածեղ արձաններ): Թաի ժողովրդի ազգային արվեստի ձևավորումը բուդդիզմի հովանու ներքո սկսվել է Սուկհոթաի պետության կազմավորումից հետո, ստեղծվել է «վատ» տաճարային համակառույցի տիպը՝ աշտարակաձև («պրա-պրանգ») և գանգաձև, սայրով վերջավորվող («պրա-չեդի») սրբարաններով (Սավանկհալոկի Չանգ Լոմ, XIII դ. վերջ և Սուկհոթաիի Մահաթատ, 1345) «վատերը»: Քանդակագործության ասպարեզում մշակվել են Թ-ի արվեստին բնորոշ գրաֆիկական ձգված ձևեր: Սիամի պետության (XIV—XIX դդ.) ծաղկման շրջանում զարգացել են Սուկհոթաիի ավանդույթները: Բանգկոկում, Այութիայում և այլ կենտրոններում կառուցվել են խճանկարներով, քանդակներով զարդարված տաճարներ և պալատներ: XX դ. 2-րդ կեսին առաջադեմ նկարիչներն ու քանդակագործները ձգտում են պահպանել ազգային արվեստի ավանդական յուրահատկությունները: Զարգացած է դեկորատիվ-կիրառական ժող. արվեստը (լաքապատ առարկաներ, փայտից, արծաթից պատրաստված իրեր, գեղարվեստական գործվածքներ):

XIV. Երաժշտությունը

Թ-ի Ժող. երաժշտությանը բնորոշ է կիսատոների բացակայությունը: Երաժիշտները հիմնական մեղեդին սովորում են լսողությամբ և կատարում իմպրովիզացիայով: Գործիքներից են՝ պինայը (հիշեցնում է շոտլանդական պարկապզուկ), կոլ սաու սամ սայը (ջութակի տարատեսակ), տյակաուն (մեծ կիթառի նմանակ): Նվագախումբը սովորաբար կազմված է հնդկական տիմպանից (որ Թ-ում կոչվում է թաիոն) և երկու չինական թմբուկից (կլոնգ թյադ): Մեծ նվագախմբերում ընդգրկվում են նաև լարային՝ սաու սամ սայ, սաու դուանգ և սաու նվագարանները: XIX դ. վերջից մուտք են գործել եվրոպական երաժշտական գործիքներն ու երաժշտությունը: Խոշոր քաղաքներում կան եվրոպական նվագախմբեր:

XV. Թատրոնը

Թ-ի դասական թատրոնը սկզբնավորվել է հնդկական «Ռամայանա» էպոսից: Դրա մոտիվներով ձևավորվել է դասական ներկայացումների երեք տեսակ՝ կոն (100-ից ավելի դիմակներով մնջախաղի թատրոն), ուր դերասանների յուրաքանչյուր ժեստ սիմվոլիկ է. տեքստը կարդացվում է բեմի ետևից, ներկայացմանը մասնակցում են ժող. նվագախումբ և երգչախումբ), նանգ (ստվերների թատրոն), լակոն (ազգային դասական դրամա՝ բուդդայական պատմվածքների սյուժեներով): Թատրոնի հիմնական տարրը պարն է: Պատկերազարդումը տես աղյուսակ V, 192—193-րդ էջերի միջև՝ ներդիրում:

Գրկ. Современный Таиланд, М., 1958 Пендлтон Р. Л., География Таиланда, пер. с англ., М., 1966 Берзия Э.О., История Таиланда, М., 1973 Ребрикова Н. В., Очерки новейшей истории Таиланда (1918—1959), М., 1960 Նույնի, Очерки новой истории Таиланда (1768—1917), М., 1966 ИскольдскиВ В. И., Таиланд. Экономические очерки, М., 1971 Корнев В., Литература Таиланда, М., 1971.