ՀՍՀ/ԹԱԻՐՈՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ
ԹԱԻՐՈՎ Ալեքսանդր Յակովլևիչ 24.6 (6.7).1885, Ռոմնի—25.9.1950, Մոսկվա, սովետական ռեժիսոր: ՌՍՖՄՀ ժող. արտիստ (1935): XX դ. թատերական արվեստի ռեֆորմատոր-ռեժիսորներից: Գործունեությունն սկսել է 1905-ին՝ որպես վերասան, 1908-ից՝ ռեժիսոր: Թ. Մոսկվայի Կամերային թատրոնի (1914—50) հիմնադիրն ու ղեկավարն էր: Նրա առաջին իսկ բեմադրությունները՝ Կալիդասայի «Շակունթալա» (1914), Աննենսկոլ «Ֆամիրա ԿիՖարեդ» (1916), ի հայտ բերեցին բեմական նրբագեղ արտահայտչամիջոցներ, լեգենդար հերոսների վսեմ և հուժկու կրքերի փառաբանման հակում: Ծրագրային ներկայացումներից են եղել Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1915), Շնիցլերի «Պիեռետտայի ծածկոցը» (1916), Օ. Ուայլդի «Սալոմե»ն (1917), Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»ը (1921): Սկրիբի «Ադրիան Լեկուվրյոր» (1919), Ռասինի «Ֆեդրա» (1922), Օ Նիլի «Սերը ծփիների տակ» (1926) բեմադրությունները նշանավորեցին ռեժիսորի անցումը ռեալիզմին: Լավագույն ներկայացումներից են Վ. Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1933), «Մադամ Բովարի» (ըստ Ֆլոբերի, 1940), Գորկու «Ծերուկը» (1946): Թ-ի մերձավոր արվեստակից-բարեկամներից էր 1920-ական թթ. ճանաչված թատերական հայ նկարիչ Գ. Յակուլովը, որը նրա բեմադրություններից ձևավորել է Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), U. Շնիցլերի «Կանաչ թութակը» (1918), է. Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր թրամբիլլա»ն (1920), Շ. Լը-կոկի «Ժիրոֆլե ժիրոֆլյա»ն (1922), U. Գլոբայի «Ռոզիտա»ն (1926): Թ-ի բեմադրություններից Լ. Ստալիցայի «Երկնագույն գորգ»ի բեմական ձևավորումը կատարել է նկարիչ
Հ. Միհանաջյանը
Երկ. Записки режиссера, статьи, беседы, речи, письма.
Գրկ. Державин К., Книга о Камерном театре, М., 1934 Головашенко Ю., Режиссерское искусство Таирова, М., 1970.
Ս. Հարությունյան
