ՀՍՀ/ԹԱԼԻՆ
ԹԱԼԻՆ, քաղաքատիպ ավան Հայկական ՍՍՀ-ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արագածի հվ-արմ. լանջին, Արտենի լեռան մոտ: Ունի անասնապահական սովետական տնտեսություն, որը զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ: Արդ. ձեռնարկություններից են պանրի գլխամասային, հացի, լիմոնադի, ասֆալտի գործարանները, Սովետաշենի տրիկոտաժի և Երևանի էլեկտրասարքերի գործարանների մասնաճյուղերը: Գործում է «Հայ-գյուղտեխնիկա» շրջանային միավորումը, ավտոսպասարկման և կենցաղսպասարկման ձեռնարկություն: Թ. ունի 2 միջնակարգ, սպորտ և երաժշտական դպրոցներ, 3 մսուր-մանկապարտեզ, կուլտուրայի պալատ (կից գործում են ժողովրդական թատրոն, պարի անսամբլ, 2 գրադարան): Թ-ում կա կապի հանգույց, հյուրանոց, հայրենագիտական թանգարան, հիվանդանոց, պոլիկլինիկա: Թ-ի հնագույն բնակավայր լինելու ապացույցները վերաբերում են մ. թ. ա. II հազարամյակին (պատահական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բրոնզե սուր): II դ. Թ. հիշատակում է Պտղոմեոս հույն աշխարհագիրը՝ Թալինա ձևով: Այնուհեւոև Թ. հիշատակվում է I դ. դեպքերի կապակցությամբ (Ջաջուռ Արծրունին Անիանոս կամ Ենանոս Բաq րատունի իշխանին ազատելով պատժից՝ բնակեցնում է Թ-ում): Կաթողիկե եկեղեցու (տես՝ Կաթողիկե եկեղեցի Թալինի) մոտ, բլրի վրա կան հին շինությունների հետքեր, որոնցից XX դ. սկգբին գտնվել են կարասներ: Բլրի արլ. մասում եղել են երկու հին ջրավազան (ենթադրվում է, որ ծառայել են եկեղեցու հողերը ջրելուն): VII-X դդ. հիշատակվում է իբրև ճոխ և բազմամարդ ավան, գյուղաքաղաք: 774-ին արաբները կոտորելով բնակիչներին՝ կողոպտում են Թ. Բագրատունիների թագավորության ժամանակ այն կրկին բարգավաճում և դառնում է հարուստ ավան, սակայն 1162-ին սելջուկյան Ելտկուլ ամիրան Անին գրաված վրաց Գեորգի թագավորից վրեժ լուծելու համար գրավում է Թ., բնակչության մի մասին կոտորում, մյուսներին գերեվարում և ստրկության է վաճառում օտար երկրներում: 1514-ին օսմանյան Սելիմ II սուլթանը Պարսկաստանից հաղթությամբ վերադառնալով՝թուրքերի դեմ ըմբոստանալու համար կոտորում է Թ-ի բնակիչներին: Թ. 1639-ից մտել է Երևանյան խանության կազմի մեջ: Թ-ի բնակչությունը հիմնականում բաղկացած էր 1828—30-ին Կարսից, Նախիջևանից, Բայազետից և Ալաշկերտից գաղթածներից:
