ՀՍՀ/ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆ
ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ-ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին: 1920—30-ին Թ. շ-ի տարածքի մի մասը մտել է Էջմիածնի, մյուսը՝ Լենինականի գավառի մեջ: 1952—53-ին եղել է Լենինականի օկրուգի կազմում: Տարածությունը 1288 կմ² է, բնակչությունը՝ 41035 (1977): Արմ-ում սահմանակից է Թուրքիային: Վարչական կենտրոնը Վերին Թալին քտա-ն է: Բնական պայմանները: Թ. շ. գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռնային և լեռնային գոտում, Արագած լեռնազանգվածի հվ-արմ. լանջերին՝ 1200—3500 մ բարձրությունների վրա: Մակերևույթը խիստ կտրտված է, քարքարոտ: Ընդարձակ տարածություն են զբաղեցնում քարակարկառները: Թ. շ-ի տարածքում են Թալինի սարավանդը, Արտենի, Իրինդ, Ծաղկասար հանգած հրաբուխները: Հարթավայրերը գրավում են Փոքր տարածություններ: Հարուստ է պեռլիտի, խարամի, տուֆի, պեմզայի, ասբեստի պաշարներով: Կլիման ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ և չոր: Տարեկան միջին ջերմաստիճանի նախալեռնային գոտում 8,4°C-ից 11,3°C-է, բարձր լեռնատափաստանային գոտում՝ 4,8°C-ից 7,4°C: Տարեկան տեղումները՝ համապատասխանաբար՝ 380—500 մմ և 535—625 մմ: Նվազագույն ջերմաստիճանը –З 10°C-է, առավելագույնը՝ 40°C: Նախալեռնային գոտում՝ մինչև 1400 մ բարձրություններում, պատահում են ցրտահարություններ: Գետերը մշտական հոսք չունեն: Շատ են հեղեղատները: Ստեղծվել են արհեստական ջրամբարներ (Ներքին Սասունաշենի, Դավթաշենի, Վերին Թալինի, Վերին Բագմաբերդի են)՝ 4,3 մլն մլն մ³ ընդհանուր տարողությամբ (1975): Կառուցվում են Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները: Տարածված են գորշ կարբոնատային, շագանակագույն, բարձրադիր գոտում՝ նան քարքարոտ սակավազոր սևահողերը: Զգալի տարածություն են զբաղեցնում արոտները: Տիրապետում է կիսաանապատային, լեռնատափաստանային և մարգագետնային բուսածածկույթը: Կենդանիներից հանդիպում են աղվես, գայլ, կրծողներ, սողուններ, թռչուններ: Բնակչությունը: 1926—75-ին բնակչությունն աճել է մոտ 4 անգամ: 89 ը հայեր են: Միջին խտությունը 1 կմ² վրա 31 մարդ է: Ունի 42 բնակավայր, որից 2-ը՝ քտա (Արագած, Վերին Թալին): Պատմական ակնարկ: Թ. շ-ի ներկայիս տարածքը հին և միջին դարերում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ: Պատկանել է Կամսարական տոհմին: IX—XI դդ. եղել է հայ Բագրատունիների թագավորության մեջ, ապա՝ անցել Զաքարյաններին: Արեվելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մտել է Երևանի նահանգի, իսկ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի և Էջմիածնի գավառների մեջ: 1920-ական թթ. սկզբներին Թ. շ-ում կուսակցական բջիջներ չեն եղել: Շրջանի տարածքում աշխատում էր ընդամենը 4 կուսակցական: Ավելի ուշ կուսակցական բջիջներ ստեղծվեցին շրջանի մի շարք գյուղական սովետներում: 1930-ի վարչա-տերիտորիալ բաժանումից հետո շրջանի գյուղական սովետների բջիջների միավորումից ստեղծվեց Թ. շ-ի առանձին կուսակցական կազմակերպությունը, որը մինչև 1978-ը ունեցել է 32 կոնֆերանս: 1977-ի հունվ. 1-ին շրջանում կար 96 սկզբնական կուսկազմակերպություն (1769 կոմունիստ), 141 ԼԿԵՄ կազմակերպություն (6442 կոմերիտական): Թ. շ-ում կան կիկլոպյան ամրոցներ (Բազմաբերդ, Արեգ, Գառնհովիտ), կրոմլեխներ, դամբարաններ (Աշնակ, Ցամաքասար, Ակունք): Վաղ միջնադարից պահպանվել են քանդակազարդ կոթող-մահարձաններ (Ակունք, Վերին Թալին), Շենիկ գյուղատեղիի և Եշիլի միանավ եկեղեցիները (V դ.), Մաստարայի U. Հովհաննես (VI դ.), Գառնհովտի Ս. Գևորգ (VI—VII դդ.), Իրինդի (VII դ.), Ներքին Սասունաշենի, Շենիկի, Զարնջայի եկեղեցիները, Վերին Թալինի հուշարձանախումբը (VII դ.), Քրիստափորի վանքը (VII դ.): Միջնադարյան ճարտ. հուշարձաններից նշանավոր են Աշնակի բերդ-եկեղեցին և Բայսըգի գմբեթավոր դահլիճը (XII—XIII դդ.), Ներքին Թալինի քարավանատունը (XIII—XIV դդ.) և ամրոցը (X—XVIII դդ.): Տնտեսությունը: Նախասովետական տարիներին շրջանի տնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն էր: Արդ. ձեռնարկություններ չկային: Վերջին տարիներին Թ. շ. դարձել է ՀՍՍՀ գյուղատնտ. և արդ. հիմնական շրջաններից: 1975-ին շրջանում կար 15 կոլտնտեսություն, 19 սովետական տնտեսություն: Հողային ֆոնդը 128800 հա է, որից վարելահողեր՝ 24368 հա, բազմամյա տնկարկներ՝ 3410 հա (այդ թվում՝ խաղողի այգիներ 2130 հա, պտղատու այգիներ 1280 հա), խոտհարքներ՝ 775 հա, արոտավայրեր՝ 34485 հա, դաշտապաշտպան անտառաշերտ՝ 225 հա, ջրային մակերես՝ 557 հա: X հնգամյակում նախատեսվում է յուրացնել 17 հզ. հա հողատարածություն: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը՝ հողագործությունը, տալիս է գյուղատնտ. համախառն արտադրանքի 70,8 ը (1975): Ոռոգումը կատարվում է գլխավորապես Թալինի ջրանցքով: Ոռոգովի հողատարածությունները 1950-ի 8576 հա-ից 1976-ին հասել են 15217 հա-ի: Թալինի ջրանցքի 2-րդ հերթի գործարկումից հետո կյուրացվեն և ոռոգելի կդառնան 15 հզ. հա խոպան հողեր: Գյուղատնտեսության հիմնական ճյուղերից են խաղողագործությունը (գյուղատնտ. համախառն արտադրանքի 24 ը), պտղաբուծությունը (ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, 15,3), հացահատիկի (10920 հա, 8,6) և ծխախոտի(211 հա, 4,3 ) մշակությունը: Նախատեսվում է խաղողի այգիների տարածությունը 1980-ին հասցնել 2820 հա-ի, պտղատու այգիներինը՝ 4020 հա-ն, կերային կուլտուրաների ցանքատարածությունը՝ 10150 հա-ի: Անասնաբուծությունն ունի մսակաթնաբրդատու ուղղություն: 1976-ին շրջանում հաշվվում էր 18,3 հզ. գլուխ խոշոր (որից կով՝ 7,4 հզ.), 156,4 հզ. մանր եղջերավոր անասուն: Կառուցվում է խոզաբուծական 2 համալիր (24 հզ. և 54 հզ. գլխի համար), տարեկան կարողությունը՝ 8 հզ. տ միս: Նախատեսվում է կառուցել կովաբուծական 2 համալիր: Արդյունաբերությունը տալիս է շրջանի համախառն արտադրանքի 66,3 ը(1975): Կարևոր ճյուղերից են սննդի և շինանյութերի արդյունաբերությունը: Գործում են պեռլիտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների (Արագած), կենցաղային էլեկտրասարքերի, տրիկոտաժի, պանրի (Վերին Թալին), պահածոների (Քարակերտ), գինու (Արտենի), թեթև լցանյութերի (Դալարիկ) ձեռնարկությունները և Երևանի ժամացույցի գործարանի արտադրամասը (Մաստարա): Թ. շ-ի արմ. մասով է անցնում Երեան—Լենինական երկաթուղու 60 կմ հատվածը: Ավտոճանապարհների երկարությունը 307,6 կմ է: Բոլոր բնակավայրերը ավտոճանապարհներով կապված են շրջկենտրոնի հետ: 13 բնակավայրում կա կապի բաժանմունք: Առողջապահությունը: Թ. շ-ում 1976-ին գործում էր 4 հիվանդանոց՝ 225 մահճակալով (Վերին Թալին, Արտենի, Մաստարա, Ներքին Բազմաբերդ), տեղամասային բժշկական 5 ամբուլատորիա (Արագած, Քարակերտ, Դալարիկ, Մաբունչի, Կարմրաշեն), բուժական-մանկաբարձական 31 կայան, 1 սանէպիդկայան, 1 շտապ օգնության կայան, 7 դեղատուն: Շրջանում կա 470 բուժաշխատող, որից բարձրագույն կրթությամբ՝ 40, միջին բուժ, անձնակազմ՝ 224 հոգի: Մշակույթը: Թ. շ-ում 1975—76 ուս. տարում գործել է հանրակրթական 48 դպրոց, որից 17-ը՝ միջնակարգ, 28-ը՝ ութամյա, 3-ը՝ տարրական (11,5 հզ. աշակերտ, 831 ուսուցիչ, 450-ը՝ բարձրագույն և թերի բարձրագույն կրթությամբ): Կա երաժշտական դպրոց (170 աշակերտ), 19 մսուր-մանկապարտեզ (1,7 հզ. երեխա), 43 գրադարան, ակումբ և մշակույթի տուն, 16 ստացիոնար, 13 շրջիկ կինո: Լայն ճանաչում է ստացել Աշնակ գյուղի ազգագրական պարերի ինքնագործ խումբը: Գյուղատնտեսության մեջ աշխատում է բարձրագույն կրթությամբ 148 մասնագետ: 1932-ից լույս է տեսնում շրջանային «Կոմունիզմի դրոշով» (մինչև. 1953-ը՝ «Բոլշևիկյան դրոշով») թերթը: Թալինի շրջանի բնակավայրերը Ագարակ, Ակունք, Ահագչի, Աշնակ, Ավթոնա, Արագած, Արեգ, Արտենի, Բայսըզ, Բարոժ, Գառնհովիտ, Գետափ, Գյալթո, Դալարիկ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարնջա, Թլիկ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հակկո, Ձորագյուղ, Ղաբաղթափա, Մաստարա, Նոր Արթիկ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Թալին, Ներքին Սասունաշեն, Շղարշիկ, Ոսկեթաս, Վերին Բազմաբերդ, Վերին Թալին, Վերին Սասունաշեն, Սաբունչի, Սորիկ, Սուսեր, Ցամաքասար, Քարակերտ: Պատկերազարդումը տես աղյուսակ VI, 192—193-րդ էջերի միջև՝ ներդիրում:
Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը: Պ. Խաչատրյան, Գ. Ավագյան
