Jump to content

ՀՍՀ/ԹԱԼԻՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼԻՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է Հայկական ՍՍՀ-ում, Արագած լեռնազանգվածի և Ախուրյան գետի միջև, Մաստարայի հեղեղատի ստորին հոսանքից ձախ, մինչև Մարալիկ բնակավայրը: Բարձրությունը 1250—1800 մ է: Կազմված է նեոգենի և պլեյստոցենի հրաբխային ապարներից: Ունի հվ-արմ. ու հվ. թեքություն, թույլ մասնատված բլրաթմբային մակերևույթ՝ լավաների արտավիժման կենտրոններով և պարազիտային կոներով: Կան լավային հոսքեր: Տարածված են քարացրոններ: Հվ. մասը մասնատված է հովտաձորակային ցանցով: Մակերևույթի կարևոր տարրերից են Մաստարայի, Զարնջայի և Աշնակի հեղեղատները: Տիրապետում են լեռնային սևահողերն ու լեռնաշագանակագույն հողերը: Բնորոշ են օշինդրային կիսաանապատը և հացագգիների ու տարախոտահացազգիների տափաստանը: Թ. ս-ի տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ: Զարգանում է խաղողագործությունը և պտղաբուծությունը: Կան տուֆի, պեմզայի և պեռլիտի հանքավայրեր: