ՀՍՀ/ԹԱԼԻՇ ԼՂԻՄ
ԹԱԼԻՇ, հնագույն անունը՝ Հոռեկ: Գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք: Արցախի հնագույն գյուղերից է: Հետագայում դարձել է Թալիշի կամ Գուլիստանի մելիքության իշխանանիստը: XVIII դ. վերջին քառորդում, Խամսայի մելիքությունների զինական դաշնակցության պառակտումից հետո, Գուլիստանի (այստեղ էր գտնվում իշխանանիստը) մելիքը իր գյուղերի բնակիչների մեծ մասի հետ տեղափոխվեց Վրաստան: Նրանց հետ էր նաև Թ-ի բնակչությունը: Սակայն տաս տարի հետո նրանք վերադարձան: Իրենց ավերված գյուղից 2 կմ դեպի արլ. Թ-ի բնակիչները նոր գյուղ հիմնեցին, պահպանելով նախկին գերեզմանատունը՝ Հոռեկա վանքով (XIII—XVIII դդ.), Թալիշի կամ Գուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատնով, իշխանական պալատների ավերակներով: Թ-ում է ծնվել Հ. Հակոբյանը:
