Jump to content

ՀՍՀ/ԹԱԼՄՈՒԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱԼՄՈՒԴ (եբր. talm ս d—ուսմունք, ուսումնասիրություն), հուդայականության գրական-աստվածաբանական, իրավական ժողովածու: Հուդայականության տեսական հիմքերից է, Հին կտակարանից հետո հրեաների ամենահեղինակավոր գրությունը: Ստեղծվել է մ. թ. ա. IV—մ. թ. V դդ.: Թ. արտացոլել է ժամանակի առասպելա-դիցաբանական գաղափարներրը, բժշկական, աստղաբաշխական, մաթեմատիկական, աշխարհագրական պատկերացումները: Բաղկացած է Միշնայից, որը մովսեսական օրենքների (Հնգամատյանի) արդիականացված մեկնությունն է, և Գեմարայից՝ Միշնայի մեկնությունից: Ըստ բովանդակության Թ. բաժանվում է Հագադոթի (առասպելներ, լեգենդներ, առակներ, հեքիաթներ, պատմվածքներ) և Գալախայի (իրավական դրույթներ, որոնցով կարգավորվում է հուդայականների կրոնական, ընտանեկան և քաղաքացիական կյանքը): Թ-ում ավելի է զարգացել ու արդիականացել հուդայական պաշտամունքը, առավել խիստ է ընդգծվել միաստվածության և աստծու՝ որպես մարդուն անճանաչելի գերբնական նախասկգբի գաղափարը: Այն սրբագործել է սոցիալական անհավասարությունը, կնոջ անիրավահավասարությունը, քարոզել հնազանդություն: Միաժամանակ, Թ. կարևոր սկզբնաղբյուր է Առաջավոր Ասիայի ժողովուրդների պատմության ու սովորությունների ուսումնասիրման համար, այն օգնում է բացատրելու վաղ քրիստոնեության և մահմեդականության ծագումնաբանության առանձին հարցեր: Թ-ի իրավական նորմերը՝ թալմուդական իրավունքը, հավանաբար արաբ. տիրապետության շրջանում, մուտք են գործել Հայաստան: Նման կարծիքի են սեմիտաբաններ Դ. Մյուլլերը, Վ. Ապտովիցերը և ուրիշներ: