Jump to content

ՀՍՀ/ԹԱՂԱՆԹԱԹԵՎԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂԱՆԹԱԹԵՎԵՐ (Hymenopters), միջատների կարգ լրիվ կերպարանափոխությամբ (տես Մետամորֆոզ): Մարմնի երկարությունը 0,2 մմ—6 սմ է: Թ-ի մեծ մասն ունի 2 զույգ թափանցիկ շղերով թաղանթաթևեր (այստեղից՝ Թ. անվանումը): Որոշ տեսակների (օրինակ, մրջյունների) թևերը բացակայում են: Պրիմիտիվ Թ-ի բերանային ապարատը կրծող է, բարձրակարգերինը՝ լիզող-կրծող: Ստորին շրթունքը վեր է ածվել կնճիթիկի: Ոտքերը վազող, քայլող կամ փորող են: Էգերն ունեն ձվադիր, որը խայթակիրների մոտ վեր է ածվել խայթիչի: Մրջյունների մի մասի խայթիչը ետ է զարգացած: Թ-ի արուները զարգանում են չբեղմնավորված (հապլոիդ), էգերը՝ բեղմնավորված (դիպլոիդ) ձվաբջջից, առանձին տեսակներ՝ կուսածնությամբ: Մակաբույծ և խայթակիր որոշ տեսակների բնորոշ է բազմասաղմությունը: Թրթուրները որդանման են, առանց աչքերի: Հասուն Թ. սնվում են շաքարային հյութերով (ծաղիկների նեկտար, բույսերի հյութեր), որոշ մասը գիշատիչ է: Ապրում են ընտանիքներով, որտեղ անհատների թիվը կարող է հասնել, կրետներինը, իշամեղուներինը՝ տասնյակների ու հարյուրների, մեղուներինը՝ մի քանի տասնյակ հազարի, մրջյուններինը՝ մլն-ների: Խայթակիրներից շատերը խնամք են տանում սերնդի նկատմամբ, թրթուրներին կերակրում են էգի բերած կենդանական (կաթվածահար արված միջատ) կամ բուսական (մեղր, ծաղկափոշի) կերով: Ավելի բարդ բնազդ դիտվում է մրջյունների, մեղուների, կրետների մոտ: ժամանակակից ֆաունայում հայտնի է մոտ 90 հզ. տեսակ Թ.՝ առավելապես արևադարձերում, ՍՍՀՄ-ում՝ 10 հզ., ՀՍՍՀ-ում՝ մինչև 2500 տեսակ: Մակաբույծ և խայթակիր Թ. սնվում են վնասատու միջատներով, որոշ տեսակներ (տրիխոգրամա, աֆիտիս ևն) օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց: Թ. կարևոր են բույսերի փոշոտման գուրծում, մեղուները մեղր, մոմ են տալիս: Կան նաև գյուղատնտեսության և անտառատնտեսության (եղջերապոչեր, սղոցողներ) վնասատուներ: