Jump to content

ՀՍՀ/ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՂԻՔԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, թաղքադրություն, թաղիք պատրաստելու տնայնագործական արհեստ: Հայաստանում Թ-յամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ, որոնց անվանել են թաղքադիր կամ լպուտ: Հատկապես հայտնի էին ոզմեցի (Բիթլիսի վիլայեթ) գզրարթաղքադիրները, որոնք Հայաստանում և հարևան երկրներում պատրաստել են նախշազարդ և աննախշ թաղիք: Թաղիք պատրաստելու համար գզած բուրդը համաչափ փռել են հատակին և գերանը վրայով գլորել մինչև լիակատար լմվելը: Նախշազարդ թաղիք պատրաստելիս ներկված բրդով որոշակի պատկերները դրվել են լմվածքի հիմնապաստառի մեջ կամ բրդի գունավոր հատվածները խառնել միմյանց: Հայկ. թաղիքները դիմացկուն են, բարձրաճաշակ նախշերով ու գույներով: Թաղիքից պատրաստել են հատակի փռոց, վրանի ծածկոց, այծենակաճ, գդակ, մուճակ, թամբատակ ևն: