ՀՍՀ/ԹԱՂՈՒՄ
ԹԱՂՈՒՄ, հուղարկավորություն, 1. հանգուցյալի և մահվան հանդեպ մարդկանց վերաբերմունքն արտահայտող սովորույթ: Կապված է հանգուցյալի դին թաղելու ձևերի հետ, որոնք փոփոխվում են ըստ ժամանակաշրջանի: Սկզբնական Թ-ները (քարի դար) կապված են եղել կրոնական պատկերացումների առաջացման հետ և կատարվել են քարայրերում ու բնական փոսերում: Հանդերձյալ կյանքի վերաբերյալ հավատը նախնադարյան հասարակության մեջ աստիճանաբար ծնել է երկակի վերաբերմունք մահացածի հանդեպ, մի կողմից հոգալով նրա մասին, գարդարել են, լավ հագուստ հագցրել, դամբարանում դրել ուտելիք, զենքեր, աշխատանքի գործիքներ ևն, մյուս կողմից, վախենալով նրանից, աշխատել են «վնասազերծել» և զանազան ծեսերի միջոցով «խանգարել» նրա վերադարձը: Բրոնզի և երկաթի դարերում առավելապես տարածված հողի մեջ Թ-ներից բացի հայտնի է եղել նաև դիակիզումը: Եվրոպական ցեղերը հանգուցյալին այրելուց հետո աճյունը ամփոփել են հողում: Ավստրալացիները, Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները, Սիբիրի որոշ ժողովուրդներ դիակը թողել են բարձրադիր տեղում (ծառերի վրա են): Նախնադարյան հասարակության քայքայման հետ ցեղային առաջնորդների, իշխանների, շամանների, հետագայում նաև քրմերի և թագավորների Թ-ման համար, ի տարբերություն մյուս խավերի, մշակվել են բարդ ծեսեր: Հավատը, որ հոգին գոյատևում է, քանի դեռ մարմինը կա, ծնել է դիակի մումիացման (Եգիպտոս), դիմանկարների, գերեզմանային դիմաքանդակների պատրաստման և այլ սովորույթներ: Ի պատիվ հանգուցյալի գերեզմանի վրա ստեղծել են արհեստական բլուրներ (տես Դամբարանաբլուր), բուրգեր, տաճարներ, աշտարակներ, մատուռներ, խաչքարեր: Հայկական լեռնաշխարհում բրոնզի և երկաթի դարերում Թ-ման ձևերը բազմազան են. մահացածին թաղել են պպզած և թևերը կծկած, կողքի վրա պառկեցրած՝ գլխի տակ ձեռքը, գետաքար կամ կավաման դրած, դին և գլուխը իրարից անջատ՝ միևնույն կամ տարբեր դամբարաններում, դիակառք-սայլերի վրա՝ խսիրների մեջ փաթաթած, մեկ դին՝ մեկ կամ երկու կարասում, խմբով՝ 3—45 դիակ մեկ դամբարանում (Լճաշեն, Աստղաձոր, Կառճաղ-բյուր ևն): Երբեմն դիակները ներկել են օխրայով և դրել դիապահպանակների տակ: Հանգուցյալի հետ թաղել են այն իրերը (աշխատանքի գործիքներ, զենքեր, խեցամաններ, զարդեր, պաշտամունքի առարկաներ, ուտելիք), որոնք նա իբր պետք է օգտագործեր հանդերձյալ կյանքում (ավելի ուշ, վաղ հայկ. ժամանակաշրջանում, հանգուցյալի բերանը դրամ են դրել): Թաղել են նաև պաշտված կենդանիների (եզ, ձի, այծ, ոչխար, շուն), ուտելիքով լեցուն կավամանների հետ: Հանգուցյալի հոգու հանգստության համար կատարվող, Թ-ման հետ կապված մի շարք արարողություններ (հոգեհաց, հոգեհանգիստ, յոթ, քառասունք) ձևականորեն պահպանվել են մինչև մեր օրերը: 2. Եկեղեցու նմանությամբ փայտե զարդարուն կառույց, որ խորհրդանշում է Քրիստոսի սուրբ գերեզմանը (ամենափոքրը՝ մոտ 1 մ երկ. և 1 մ բարձ.): Ավագ ուրբաթ երեկոյան զարդարված Թ. դնում են եկեղեցու բեմի կենտրոնում, ապա շապիկներ հագած քահանաները ուսերին դրած պտտեցնում են եկեղեցու շուրջ, կրկին դնում բեմի կենտրոնում և թողնում մինչև ավագ շաբաթ երեկո, որից հետո բեմի կենտրոնում կամ որևէ մատուռում մնում է 40 օր: Ներսում դրվում է սպիտակ դաստառակով փաթաթված խաչ և ավետարան:
Գրկ. Լալայան Ե., Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում, Ե., 1931: Հ. Մնացականյան
