ՀՍՀ/ԹԱՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԹԱՂ (ճարտարապետության մեջ), տարածական կառուցվածք, կորնթարդ մակերեսով ծածկ: Կիրառվում է հիմնականում գոգավորությամբ դեպի վեր: Ինչպես և կամարը, առավելապես աշխատում է սեղմման, ուղղահայաց և հրման հորիզոնական ճիգերը հաղորդելով հենարաններին (վերջինը որոշ կառուցվածքներում կարող է բացակայել կամ մարվել իր իսկ մարմնի մեջ): Թ-ի համաչափական հիմնական տարրերն են՝ թռիչքը (երկու հենարանների միջև եղած հեռավորությունը), վերելքի սլաքը (առավել բարձր կետի ուղղահայաց հեռավորությունը հենման մակերեսից): Ըստ համաչափության ստորաբաժանվում են՝ բարձրասլաք (սլաքի հարաբերությունը թռիչքին մեծ է 1 2-ից), ցածրասլաք (նույն հարաբերությունը տատանվում է 1 4—1 2-ի միջև), տափարակ (հարաբերությունը փոքր է 1 4-ից) Թ-երի: Հիմնականում լինում են՝ գլանային (ընդլայնական կտրվածքում ներկայացնում է շրջանագծի, էլիպսի կամ կոնագծի մաս, հենվում է զուգահեռադիր պատերին՝ հեծանակապ կամ կամարակապ սյունաշարերին, որոնք և իրենց վրա են կրում հրման և ծանրության ուժերը), գոցված և խաչային (առաջինը ստացվում է կիսաշրջանաձև կտրվածքի երկու գլանային Թ-երի ուղղահայաց վւոխհատումից առաջացած մարմնի ներքին մակերեսներից, մյուսը՝ արտաքին մակերեսներից), հայելային (ստացվում է գոցված Թ-ից՝ նրա վերին մասը հարթությամբ հատելու միջոցով), առագաստային (ստացվում է գմբեթի երկու զույգ հակադիր մասերը հարթ մակերեսով հատելու միջոցով): Հիմնական ձևերի բազմաթիվ տարատեսակները պայմանավորված են դրանց կտրվածքների կորերի տարբերությամբ և թաղակազմ առանձին տարրերի զանազան համակցությամբ (սլաքային, սահող, խորսխաթադ ևն): Առանձնահատուկ են շլաղեղային Թ-երը (տես Գոթական ոճ): Հնագույնները, այսպես կոչված, «կեղծ» Թ-երն են, որ ստացվում են հորիզոնական շարքերի դեպի վեր հետզհետե առաջ բերելու միջոցով: Դրանցում հրման ուժերը բացակայում են: Թ. կիրառվել է հնագույն ժամանակներից և սկզբում գլխավորապես կառուցվել աղյուսից ու քարից: Այնքանով, որքանով քարի ծռման աշխատելու հնարավորությունները սահմանափակ են, Թ-ի (որտեղ քարն աշխատում է սեղմման) կիրառումը հնարավոր դարձրեց առանց հենարանների ավելի մեծ թռիչքներ ծածկել: XIX դ. 2-րդ կեսից Թ-եր ստեղծվում էին մետաղական կառուցվածքներից: XX դ. ստեղծվեցին միաձույլ, հավաքովի երկաթբետոնե, նրբապատ թադանթատիպ այլ կառուցվածքների Թ-եր:
Գրկ. Кузнецов А. В., Своды и их декор, М., 1938.
U. Ստեփանյան
